Tuesday, February 17, 2009

ՊԱՐՍԿԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆՙ ՀԱԶԱՐԵՐԱՆԳ ԲԱՆՎԱԾՔՈՎ

Ժողովուրդների, առավել եւս հարեւան ժողովուրդների հոգեւոր արժեքների կապի ու փոխադարձ մերձեցումների, մշակույթների հարստացման ու առաջընթացի վստահելի աղբյուրներից մեկը թարգմանությունն է: Վոլֆգանգ Գյոթեի դիպուկ ձեւակերպմամբՙ «Թարգմանչի աշխատանքը եղել եւ մնում է համայն տիեզերքը ի մի բերող ու ամբողջական միասնության մեջ պարփակող կարեւորագույն ու արժանավորագույն գործերից մեկը»: Հայ ժողովուրդը հնուց ի վեր միշտ էլ բարձր է գնահատել ու դրվատել թարգմանչական արվեստի մշակների վաստակն ու ավանդը եւ նույնիսկ ազգային տոն է սահմանել` «թարգմանչաց տոն»: Թարգմանչական գործը, մանավանդ մեզՙ հայերիս համար, է՛լ ավելի է կարեւորվում, եթե առնչվում է պարսկերենին, մի լեզվի, որի կրողը պատմական ճակատագրով, ի վերուստ, հայոց ձեւավորման իսկ շրջանից կապված է եղել հայ ժողովրդի հետ, հազարամյակների ընթացքում ապրել է մեր կողքինՙ իբրեւ մեր մերձավորագույն հարեւան: Դրանք ամենից ավելի ցայտուն արտահայտվել են երկու լեզուների բառապաշարում եւ դրա հետ կապված գոյացել են բառային զուգորդությունների, շարահյուսական կապակցությունների, բառակապակցությունների ձեւավորման, բառակազմական ձեւերի ու կաղապարների որոշակի ընդհանրություններ, որոնք ի վերջո արտացոլվել են նաեւ մտածողությունում: Ասվածի լավագույն վկայությունը մենք տեսնում ենք Գուրգեն Մելիքյանիՙ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի խորհրդի, ԵՊՀ գիտական խորհրդի, ՀՀ Իրանագիտական կովկասյան կենտրոնի գիտական խորհրդի որոշումներով վերջերս հրատա-րակված «Կրկնավոր եւ հարադրավոր բարդությունների եւ զուգորդությունների պարսկերեն-հայերեն բառարանում» (Իրանագիտական կովկասյան կենտրոնի հրատարակչություն, Երեւան, 2008): Սա, ինչպես խորագիրն է հուշում, պարսկերենի կրկնավոր ու հարադրավոր բարդությունների եւ զուգորդությունների թարգմանությունն էՙ հայերեն համապատասխան համարժեքներով: Գաղտնիք չէ, որ բառարանագրական ամեն մի աշխատանք սկսվում է բառացանկի ընտրությամբ: Բառացանկն է բառարանի հիմքը, կարելի է ասելՙ հիմքերի հիմքը: Եվ բնական է, որ հաջող ընտրված բառացանկը հայտնի չափով արդեն իսկ դառնում է բառարանի հաջողության կարեւոր նախապայմանն ու գրավականը: Գ. Մելիքյանը հրապարակի վրա եղած բառարաններից, բազում-բազմաթիվ այլ սկզբնաղբյուրներից եւ, որ նույնքան կարեւոր է, կենդանի խոսքից հատուկ ընտրանքով, նուրբ դիտողականությամբ ու սթափ հայացքով քաղել է ժամանակակից պարսից լեզվին առավել բնորոշ կրկնավոր ու հարադրավոր բարդություններն ու զուգորդությունները եւ բառարանի ընձեռած սուղ միջոցներով բառ առ բառ ցուցադրել դրանց իմաստային հարստությունը, շքեղությունը, հնչյունակազմի գեղեցկությունը, մեղեդայնությունը, արտահայտչականությունը, բառերի բո՛ւն իսկ կյանքը: Խորամուխ լինելով համապատասխան կառույցների ձեւավորման օրինաչափությունների, հնչյունական յուրահատկությունների ու իմաստային նրբերանգների մեջՙ հեղինակը այդ բոլորի համար որոնել ու գտել է հայերեն ճիշտ ու դիպուկ համարժեքներ: Բառահոդվածը բաղկացած է երեք պարտադիր եւ մեկ կամընտիր (ֆակուլտատիվ) մասերից: Պարտադիր ենՙ ա) գլխաբառըՙ իր ամբողջ ծավալով, լինի բառաբաղադրություն թե շարահյուսական սովորական զուգորդություն, բ) գլխաբառի հնչյունային տառադարձությունըՙ տրված լատինական այբուբենի հիմքի վրա կազմված միջազգային գրանշաններով, գ) գլխաբառի հայերեն իմաստային համարժեքը (համարժեքները): Կամընտիր է բառահոդվածի չորրորդ մասը: Այն, ըստ անհրաժեշտության, ընդգրկում է տվյալ բառով զուգորդված համապատասխան բառակապակցություն կամ նախադասությունՙ հեղինակային կազմությամբ: Սրա անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ որոշ գլխաբառեր, ինքնին հասկանալի է, իրենց բուն կամ առաջնային իմաստից բացի, որոշակի զուգորդություններում կարող են հանդես բերել եւ հանդես են բերում նոր նշանակություններ: Չորրորդ մասում տրված են այդ նշանակությունները: Առանձին գլխաբառեր ունեն տարբերակներ: Մասնավորապես կրկնավորները պարսկերենում ունենում են տարբերակներՙ եզրերի նշույթավոր եւ աննշույթ կապակցությամբ, հնչյունափոխված եւ անհնչյունափոխ բաղադրություններով: Դրանք բոլորը արտացոլված են բառարանում: Քննության առարկա սույն բառագիրքը կոչվում է « (...) Բարդությունների եւ զուգորդությունների (...) բառարան»: Խորագրի մեջ հարակցված են բարդություն եւ զուգորդություն գիտաբառերըՙ իրենց համապատասխան հասկացություններով: Բարդություն եւ զուգորդություն (վերջինսՙ շարահյուսական հատույթավորման ենթակա սովորական կապակցություն էՙ ազատ բառակապակցություն): Սա պատահականություն չէ: Բառացանկը կազմելիս հեղինակի առջեւ ծառացած է եղել չափազանց դժվարին ու ցարդ չլուծված մի խնդիր: Ինչպես հայտնի է, հայերենումՙ ամառ-ձմեռ, գիշեր-ցերեկ, նետ-աղեղ, վերեւ-ներքեւ, ցավ ու դարդ տիպի հարադրավոր զուգորդությունները բառայնացվել են, ստացել բառական մեկ միավորի արժեքՙ մեկ միասնական ու ավարտուն նշանակությամբ, եւ ընկալվում են իբրեւ բարդ բառեր: Այս հանգամանքը թույլ է տալիս նման կազմությունները մուծել բառարանների մեջՙ գլխաբառի իրավունքով: Այդպես չէ, սակայն, պարսկերենում: Թեեւ շատ իրանագետներ հակված են նման կառույցները համարելու բարդ բառերի մի տարատեսակ (ինչպես հայերենում է), բայց ուրիշներն էլ կտրականապես մերժում են այդ տեսակետը եւ նշված ձեւերը համարում են ո՛չ այլ ինչ, քան շարահյուսական սովորական զուգորդություններ (տե՛ս, օրինակ, խ.հ.կպռրՌՍՏՉ, ԿփպՐՍՌ տՏ րսՏՉՏՏոՐՈջՏՉՈվՌՌ տպՐրՌՊրՍՏչՏ ÿջօՍՈ, Ծ., 1975, րՑՐ. 30, Շ.Ը.ՀցոՌվփՌՍ, ՒՐՈջպՏսՏչՌÿ տպՐրՌՊրՍՏչՏ ÿջօՍՈ, Ծ., 1981, րՑՐ. 92, M.Shaky, A stady on nominal compounds in Neo-Persian, Praha, 1964, p. 55 եւ այլն): Այս դեպքում ինչպե՞ս վարվել բառարանի հետ: Եվ Գուրգեն Մելիքյանը գտնում է հարցի յուրօրինակ ու, թերեւս, միակ ճիշտ լուծումը: Նա պարսկերենում հարադրավոր համապատասխան կազմություններիՙ շարահյուսական սովորական կապակցությո՞ւն, թե՞ բարդ բառ համարելու խնդիրը առայժմ թողնում է առկախ: Բառարանի «Առաջաբանում» կարդում ենք. «Հարադրություն գիտաբառի տակ, այսպիսով, եթե դա վերաբերում է պարսից լեզվին, մենք (այսինքնՙ ինքըՙ հեղինակը.-Ա.Պ.) հասկանում ենք հարադրավոր զուգորդություն եւ ո՛չ անպայմանՙ բարդ բառ կամ անպայման շարահյուսական կապակցություն» (էջ 17): Գ. Մելիքյանը, ուրեմն, ընդարձակում է զուգորդություն գիտաբառի իմաստըՙ նրա մեջ ներառելով ե՛ւ բառաբաղադրությունը, ե՛ւ շարահյուսական տրոհման ենթակա կապակցությունը: Այս ըմբռնումը, ինչպես տեսանք, յուրովի արտացոլված է բառարանի նաեւ խորագրումՙ «(...) Բարդությունների եւ զուգորդությունների (...) բառարան» եւ ո՛չ թե սոսկ «Բարդությունների» եւ կամ սոսկ «Զուգորդությունների բառարան»: Բառարանն ունի ընդարձակ առաջաբան, որն իրականում դուրս է գալիս սովորական «առաջաբաններին» ներկայացվող պահանջներից: Այնտեղ, ըստ էության, ներկայացված են պարսից լեզվին բնորոշ կրկնավոր ու հարադրավոր բարդությունների եւ զուգորդությունների իմաստաբանական, ստուգաբանական, ընդհանրապես բառաքերականական, այդ թվումՙ նաեւ հնչյունաբանական օրինաչափությունները, դրանց ծագումնաբանությունը, զարգացման ուղիները, ավարտուն պատկերը, հայերենի հետ ունեցած առնչությունները, ընդհանրություններն ու տարբերությունները: Դա, կարելի է ասել, պարսից լեզվի բառապաշարի որոշակի շերտի եւ շարահյուսական որոշակի կառույցների թեեւ սեղմ, բայց բավականաչափ տարողունակ տեսությունն է, որի ելակետային սկզբունքների հիման վրա էլ շարադրված է բառագիրքը: Բառարան կազմելը կամ հեղինակելը, պետք է խոստովանել, հեշտ գործ չէ: Դա ծանր, շատ ծանր աշխատանք է, որ հաջողվում է միայն ընտրյալներին: Եթե ասենք նաեւ, որ դա արտակարգ աշխատատար մի գործ է, դարձյալ քիչ բան ասած կլինենք: Մխիթար Սեբաստացին ասում էր, թե դրա էությունը «գիտե միայն նա, որ յորինեալ իցէ երբեք զնոյն»: Մխիթար Սեբաստացուն էր յուրովի արձագանքում ֆրանսիացի նշանավոր բառարանագիր Ժոզեֆ Սքալիգերը, որ գրում էր. «Եթե մեկը պիտի դատապարտվի դաժանագույն տանջանքների, պետք չէ քշել նրան թիապարտության կամ հյուծել հանքախորշերի տանջարաններում: Թող միայն բառարա՛ն կազմի, զի այնտեղ կան տառապանքի բոլոր ձեւերը...»: Տառապանքի այսպիսի բովով է անցել Գուրգեն Մելիքյանըՙ հրապարակ բերելով մի բառարան, որ շարադրված է հայ եւ օտար բառարանագրական միտք ու փորձի խոր ու համակողմանի իմացությամբ, հայագիտական եւ ընդհանուր լեզվաբանական ըմբռնումների ու նվաճումների լույսի տակ: «ԱԶԳ» 17-2-2009- ԱՐՏԱՇԵՍ ՊԱՊՈՅԱՆ, Լեզվաբան, դոկտ. պրոֆեսոր

No comments: