Sunday, February 1, 2009

ՍՈՒՐՃԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

«Առավոտ» 31-1-2009- Հայտնի է, որ հատկապես առավոտյան, առույգանալու համար, չկա ավելի լավ միջոց, քան մեկ բաժակ սեւ սուրճը: Առավոտյան սուրճը մարդուն ապահովում է ադրենալինով, առաջացնում է աշխուժություն եւ օրգանիզմին տալիս անհրաժեշտ էներգիայի չափաբաժին: Սակայն օրական 10-20 բաժակ սուրճ խմողներին զգուշացնենք, որ սուրճի չարաշահումը կարող է հակառակ արդյունքը տալ: Ճիշտ է, կոֆեինը ավելացնում է ուղեղի ընկալունակությունը, սակայն չարաշահման դեպքում սուրճն առաջացնում է գլխացավ, լարվածություն եւ անհանգիստ հոգեվիճակ: Բժիշկներն ապացուցել են, որ օրական 4-5 բաժակ սուրճը, հատկապես ալկոհոլային խմիչք օգտագործող մարդկանց մոտ, թուլացնում է լյարդի ցիռոզի հավանականությունը, սակայն ամեն դեպքում ալկոհոլն իր «չար գործը» կանի, եթե խմելուց անմիջապես հետո որոշեք սուրճով հյուրասիրվել: Շատերը նույնիսկ սուրճը նախընտրում են ծխախոտի հետ, սակայն անհերքելի է, որ համատեղումը 40-60%-ով մեծացնում է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապելու ռիսկը: Գաղտնիք չէ, որ կոֆեինը խթանում է նաեւ օրգանիզմում «երջանկության հորմոնի» ավելացմանը, սակայն մի շարք մասնագետներ, այնուամենայնիվ, սուրճը ներառել են թմրեցնող նյութերի շարքում: Սուրճը պարունակում է մոտ 310 հանքային նյութեր եւ մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հակաօքսիդներ: Օգտակար հատկություններից զատ, կոֆեինն ունի նաեւ մի շարք հակացուցումներ, օրինակ՝ այն չի կարելի խմել քնաբեր կամ ցավազրկող դեղերից անմիջապես առաջ կամ հետո: Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել մազաթափության: Ռուսների հավաստմամբ, կոֆեինը դրական ազդեցություն է թողնում մարդու տեսողության վրա եւ աչքերն ավելի լավ են արձագանքում արտաքին գրգիռներին: Մեծ Բրիտանիայի գիտնականների պնդմամբ, կոֆեինը կանանց համար ունի ցավազրկող հատկություն, իսկ լաբորատոր փորձերը վկայում են, որ կոֆեինը նույնատիպ ազդեցություն տղամարդկանց վրա չի թողնում: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

No comments: