Sunday, February 1, 2009

ԱՄԵՐԻԿԱՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ Է

«Ազգ». 31-1-2009- Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկահրեական կազմակերպությունների դիրքորոշման փոփոխության մասին ԶԼՄ-ների հետաքրքրությունը չի նվազում: Խուսափելու համար կրկնողություններից, «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հերթական հոդվածից ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հետեւյալը: «Էրդողանին «Հակավարկաբեկման լիգայի» բարձրագույն մրցանակը շնորհած Աբրահամ Ֆոքսմանը (ամերիկյան ADL կազմակերպության տնօրենը) պետք է ցնցված լինի Թուրքիայի վարչապետի քննադատություններից: Անցյալ շաբաթ «Միլիեթին» տված հարցազրույցում նա ասել է. «Թուրքիան մեր բարեկամն էր: Չեմ կարողանում հավատալ: Շփոթված եմ: Հրեաների կյանքը Թուրքիայում վտանգված է: Վարչապետը շատ խիստ բառեր օգտագործեց»: Դժգոհություն են արտահայտել նաեւ «Ամերիկահրեական կոմիտեի» պաշտոնական ներկայացուցիչների Ջեյկոբ Իսաակսոնը եւ բազմաթիվ ուրիշներ, որոնք շեշտել են, որ այլեւս չեն զբաղվելու Ամերիկայում Հայոց ցեղասպանության դեմ քարոզչությամբ: Հետաքրքրականն այն է, որ 2005-ին Ֆոքսմանը անտեսել էր Էրդողանին մրցանակ շնորհելուց չորս օր առաջ բացահայտված այն լուրը («Մերձավորարեւելյան մամուլի հետազոտման ինստիտուտն» էր հայտնաբերել լուրը, վերցնելով «Հյուրիեթից»), թե Էրդողանը 1974 թվին «Մասկոմյա» պիեսում ոչ միայն դեր է ստանձնել, այլեւ պիեսի սցենարն է գրել եւ ռեժիսորական աշխատանքները կատարել: «Մասկոմյան» երեք չարագործ խմբավորումների` մասոններ, կոմունիստներ եւ յահուդիներ (հրեա) անուններից կազմված հապավում է: Մյուս կողմից, պրոֆ. Բենջամին Յաֆեթը Սասունյանին վստահեցրել է, որ, ըստ իր ունեցած «հավաստի տեղեկությունների, ամերիկահրեական բոլոր գլխավոր կազմակերպություններն արդեն զզվել են Թուրքիայից եւ պատրաստ են պաշտպանել Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացումը Կոնգրեսում»: Այս ամենից եւ մանավանդ Օբամայի նախագահ ընտրվելուց եւ Դեմոկրատական կուսակցության մեծամասնություն կազմելուց (երկու պալատներում) հետո Թուրքիան հավանաբար մեծ դժվարություններ կունենա նոր քարոզարշավ ծավալելու Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման դեմ», եզրակացնում է Սասունյանը: Հ. Ծ.

No comments: