Tuesday, February 17, 2009

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

Lragir. 16-2-2009- Փետրվարի 16-ին հերթական նիստն է գումարել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Նիստը նախագահում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության, Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ այլընտրանքային կարգով Քրեական օրենսգրքի Իշխանությունը յուրացնելը (300) հոդվածի երկու տարբերակներ կներկայացվեն: Պարոն Հարությունյանի առաջարկած տարբերակով` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Նախատեսվում է հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից: Աշխատանքային խմբի ղեկավարը ընդգծել է, որ օրենսդրորեն նախապատրաստության եւ հանցափորձի փուլերը տարանջատված են, ուստի 3-րդ կետը տարակարծությունների առիթ չի տա: Քանի որ պահանջվել է պատժամիջոցների մասով հստակեցումներ կատարել, ուստի ամրագրվել են օրենսդրությունում գործող պատժամիջոցները: Իշխանությունը պահելուն վերաբերող կետում առաջարկվում է Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժել ազատազրկմամբ: Սահմանադրական կարգը տապալելը (300/1) հոդվածով եւս նախատեսվում է ազատազրկում 10-15 ժամկետով: Տարածքային ամբողջականությունը խախտելը (300/2) հոդվածով` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելիս եւս 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում: Զանգվածային անկարգությունները (225) հոդվածով` բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ: Դավիթ Հարությունյանը գտնում է, որ պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եւս ներկայացնեն դիտողություններ եւ եզրակացություններ:

No comments: