Saturday, February 28, 2009

Սումգայիթի եւ Բաքվի հայերի ջարդերի իրական մեղավորներն այդպես էլ անպատիժ մնացին

/PanARMENIAN.Net/ 27.02.2009 - Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու եւ այլ քաղաքներում հայերի ջարդերը ցեղասպանություն են: Ցավոք, այդ դեպքերը մանրամասն չեն հետաքննվել եւ պատահածի մեղավորները չեն կանգնել դատարանի առջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Իրավաբանների պալատի նախագահ, Սումգայիթի դեպքերի վերաբերյալ մի քանի դատական գործընթացների մասնակից Ռուբեն Սահակյանը: «Սումգայիթի հայերի ջարդերի վերաբերյալ դատական գործը մասնատվել էր առանձին գործերի եւ ուղարկվել տարբեր կենտրոններ: Այսօր այդ ջարդերը կազմակերպած եւ իրագործած կոնկրետ անձանց մասին չկա ամբողջական տեղեկատվություն»,- նշել է Ռուբեն Սահակյանը` ավելացնելով, որ ինքն անձամբ տեղեկացված է 12 դատական գործերի մասին: Իրավաբանի խոսքով, հիմնականում, հանցագործներին մեղադրել են զանգվածային անկարգություններ իրագործելու մեջ: «Մեզ այսօր պարզապես անհրաժեշտ է գտնել այդ քրեական գործերի բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց մի մասը գտնվում է ՌԴ-ում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք փաստերի օգնությամբ ողջ աշխարհին ապացուցել, որ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ ցեղասպանություն է իրագործվել»,- ընդգծել է Ռուբեն Սահակյանը: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 26-29 տեղի ունեցած դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ դարձան առաջին էթնիկական պայթյունը: Սումգայիթյան ջարդերը շարունակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնությամբ, թալանով եւ սպանություններով, ինչը հանգեցրեց գաղթականների առաջին հոսքին Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Անկարգությունների հանգամանքների համաժամանակյա հետաքննություն, մեղավորների հայտնաբերում եւ պատիժ չէր իրականացվել, ինչը հանգեցրեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայկական բնակչության հանդեպ բռնության առավել մեծ էսկալացիային: Պաշտոնական տվյալներով, դեպքերի ժամանակ սպանվել է 32 հոգի:

No comments: