Saturday, February 28, 2009

HayInfo.Այս տարվա սկզբին Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը քվեարկությամբ որոշեց, որ Կանադայի այս խոշորագույն քաղաքի բոլոր ավագ դպրոցների աշակերտները պետք է «Ցեղասպանություն. պատմական և ժամանակակից հետևանքները» անունով պարտադիր դասընթաց անցնեն: Դասընթացում հատուկ բաժին կա նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, երբ Թուրքիայի իշխանության կազմակերպած՝ համակարգված և կանխամտածված ոչնչացման հետևանքով ավելի քան մեկ միլիոն հայ զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո: Շուտով դպրոցական խորհրդի բոլոր անդամները նամակ ստացան Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր Գենթեր Լյուիից, որը հանդիմանում էր նրանց Հայոց ցեղասպանությունը Ողջակիզման հետ նույն շարքում դասելու համար: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ համայնքի ողբերգական ճակատագիրը բացատրվում է «պատերազմի շրջանում խիստ ձախողված անվտանգության միջոցառումներով», քան` «մանրակրկիտորեն կազմակերպված ցեղասպանությամբ»: Լյուին ամերիկացի գիտնականների, ազդեցություն վաճառողների և ինտերնետային կայքերի օպերատորների ցանցի այն չափազանց ակտիվ անդամներից է, ովքեր ամեն տարի հարյուր հազարավոր դոլարի ֆինանսավորում են ստանում Թուրքիայի կառավարությունից` Հայոց ցեղասպանության հերքումն առաջ մղելու համար: Ցանցն այնքան ազդեցիկ է, որ անցած տարվա աշնանն այն կարողացավ շրջանցել թե՛ պատմական իրողությունը, և թե՛ հսկայական քաղաքական ճնշումը` համոզելով Ամերիկայի օրենսդիրներին և նույնիսկ նախագահին նահանջել բավական երկար ժամանակ իրենց ունեցած քաղաքական դիրքորոշումից: Նմանատիպ ռևիզիոնիստական պնդումներով է Լյուին հանդես գալիս իր` 2005թ. տպագրված «Հայերի ջարդերն Օսմանյան Թուրքիայում. վիճելի ցեղասպանություն» վերնագրով գրքում, ինչպես նաև` դասախոսություններում, որոնք նա հաճախ կարդում է երկրի տարբեր համալսարաններում: 2007թ. մարտին ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում` զոհված հայերի սահմռկեցուցիչ թիվը նա վերագրեց «ապաշնորհ կառավարմանը» և ընդգծեց. «չպետք է մոռանալ, որ հսկայական տարբերություն կա ապաշնորհության, նույնիսկ այն ապաշնորհության, որը ողբերգական հետևանքներ է ունեցել», և մտադրված զանգվածային սպանությունների միջև: «1915-1916թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած աղետալի դեպքերն հայերն անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն,- ասաց նա: -Թուրքերի մեծ մասն այս դրվագը համարում է պատերազմի շրջանում իրականացված վերաբնակեցում, ինչն անհրաժեշտ էր դարձել հայկական փոքրամասնության դավաճանական պահվածքի պատճառով: Վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, շարունակվում է մոտ 100 տարի, և հարթվելու ոչ մի նշան առայժմ ցույց չի տալիս»: Բայց միայն հայերը չեն, որ այս սպանդը Ցեղասպանություն են անվանում։ Ըստ հավատ ընծայող պատմաբանների ճնշող մեծամասնության` կատարվածի կարևորագույն մանրամասները էական անհամաձայնության տեղիք չեն տալիս: Ու թեև ցեղասպանությունը հերքելու Լյուիի ձևն ավելի նուրբ է, քան Ողջակիզումը հերքողներինը (որոնք հայտարարում են, թե Օսվենցիմում գազախցիկներ չեն եղել), այն պատմությունը վերաշարադրելու պակաս փորձ չէ: 2005թ. Թուրքիայի կառավարությանը հղած նամակում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (որը բաղկացած է որևէ կառավարության հետ առնչություն չունեցող հարյուրավոր անկախ գիտնականներից, որոնց աշխատանքն ունի տասնամյակների պատմություն և ընդգրկում է բազմաթիվ երկրներ ու ազգություններ) հայտարարել է. «Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների շրջանում գերիշխող կարծիքը մեկն է»: «Գիտական ապացույցները վկայում են հետևյալը. 1915թ. ապրիլի 24-ին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, Օսմանյան կայսրության Երիտթուրքերի կառավարությունը ծրագրված ցեղասպանություն սկսեց իր հայ քաղաքացիների` անզեն քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ: Ավելի քան մեկ միլիոն հայ ոչնչացվեց ուղղակի սպանությունների, սովամահության, խոշտանգումների հետևանքով և բռնագաղթի ընթացքում՝ «մահվան ճանապարհներին»: Հայ բնակչության մյուս մասը դիմեց փախուստի` մշտական աքսորի: Այսպիսով` հնագույն մի քաղաքակրթություն բնաջնջվեց իր 2500 տարվա հայրենիքում»:

No comments: