Monday, September 19, 2011

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել. Սերժ Սարգսյան

Սփյուռքն ու հայրենիքը պետք է միմյանց շարունակություն դառնան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի բացման ժամանակ: Համաժողովը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը:
ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Համաժողովին մասնակցում են 46 երկրներից 550 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում են սփյուռքյան 151 կազմակերպություններ՝ ներառյալ բոլոր առանցքային կառույցները: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը հայտարարում եմ բացված: Վստահ եմ, որ համաժողովը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքին` ի շահ հայության խաղաղ ու բարեկեցիկ ապագայի:

Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում: Այն 10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի եւ հպարտություն է առաջացնում: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում եւ կշարունակի լուծել: Հայ ժողովրդին միավորում են մեր ազգային իղձերն ու Հայաստանի ճակատագիրը: Մեր բոլոր մտքերը, ապրումները, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հանդարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսեւորումը ընդհանուր առմամբ ունեն մեկ նպատակ` տեսնել վաղվա Հայաստանը ավելի լավ, ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախմբված, ավելի կուռ ու կազմակերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ընդհանուր նպատակները:

Սփյուռքը նոր երեւույթ չէ մեր բազմադարյա պատմության մեջ, բայց Մեծ եղեռնից հետո այն բոլորովին ուրիշ բովանդակություն ստացավ: Հայը պիտի արդեն քննություն բռներ իր հայրենի բնօրրանից դուրս, «օտար, ամայի ճամփեքի վրա», պիտի քննություն բռներ ուծացման ու այլասերման դեմ եւ ապացուցեր իր կենսունակությունն ամենատարբեր պայմաններում: Սփյուռքա-հայության անցած գրեթե մեկդարյա պատմությունը մաքառման ու հաղթանակների, անխուսափելի նահանջների եւ բացառիկ կամքի դրսեւորման պատմություն է: Հայկական գաղթօջախները Ուրուգվայից մինչեւ Ավստրալիա, Ամերիկայից մինչեւ Մերձավոր Արեւելք ծածկվեցին հայկական դպրոցների, եկեղեցիների, մամուլի, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական, մշակութային ու մարզական կազմակերպությունների ցանցով` փրկելու համար նոր սերունդը: Ամեն մի ընտանիք դարձավ պատմական հայրենիքի փոքրիկ մանրակերտը: Հայությունն աշխարհին տվեց վերապրելու բացառիկ օրինակ այն դեպքում, երբ նույնիսկ շատ հեղինակավոր գործիչներ արեւմտահայությանը այլեւս համարում էին պատմությունից դուրս: Ավելին, Սփյուռքն իր մեջ ուժ գտավ արձանագրելու բացառիկ քաղաքական նվաճումներ: Ցեղասպանության հրեշավոր դրվագներն աչքի առաջ ունենալով` Սփյուռքը տվեց անկախության գաղափարին ու երազանքին նվիրված նորանոր սերունդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս ամենով հանդերձ` Սփյուռքը նաեւ մեր ցավն է ու մտահոգությունը, որովհետեւ օտար ափերում մենք ամեն օր բախվում ենք խնդիրների եւ մարտահրավերների: Յուրաքանչյուր նոր սերունդ հայախոս պահելու, իր արմատներին կառչած պահելու, հայրենիքին մոտ պահելու, պարզապես հայ պահելու հրամայականը կա, եւ կա դրան հակասող հանգամանքների, պայմանների, գայթակղությունների ծով: Այդ ծովում, պիտի խոստովանենք, մեծ կորուստներ ենք ունեցել եւ, ցավոք, անխուսափելիորեն էլի ենք ունենալու: Ողջ հայության գերխնդիրն է նվազագույնի հասցնել այդ կորուստը: Ըստ իս, ամենաազդեցիկ միջոցն ու առողջարար պատվաստումը ուծացման չարիքի դեմ Հայաստանի հզորացումն է եւ միջազգային մեծ հեղինակություն վաստակելը: Հայաստանի ճանաչելիության աստիճանի բարձրացումն աշխարհում կարող է հայության գիրկը վերադարձնել նույնիսկ հեռացածներին, եթե նա կարողանա հպարտ լինել իր հայրենիքով, իր հայրենակիցների նվաճումներով եւ վերջապես իր ինքնությամբ:

Այլ առիթով ասել եմ, բայց ավելորդ չեմ համարում կրկնել, որ Սփյուռքն ու հայրենիքը պետք է դառնան միմյանց շարունակություն: Սփյուռքը թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես, թե՛ գիտական, առողջապահական ու մարզական առումներով պետք է սնվի հայրենիքից եւ սնի հայրենիքը: Սա չի նշանակում դառնալ Երեւանի անդեմ կցորդը: Սա նշանակում է փոխադարձաբար լրացնել միմյանց: Գլոբալացման ներկա պայմաններում ավելանում է ուծացման վտանգը, խոցելի դառնում` ինքնությունը: Եվ միայն վերածնված հայկական պետության` Հայաստանի Հանրապետության հետ առավել սերտ համագործակցության, պարբերաբար այցելությունների շնորհիվ է հնարավոր կանխել վերահաս վտանգները։ Հայաստանը հայապահպանության գլխավոր կենտրոնն է ու վահանըէ:Խորին երախտագիտության ու բարձր գնահատանքի են արժանի այն սփյուռքյան կառույցները, կրթօջախները, լրատվամիջոցները, բարերարները, մտավորականներն ու անհատները, ովքեր մեծ նվիրումի, զոհողությունների ու տքնանքի գնով ամենուրեք ստեղծել ու շարունակում են ստեղծել հայկական դպրոցներ, մշակութային օջախներ, հայագիտական կենտրոններ եւ հայ մանուկներին, պատանիներին ու աղջիկներին ավանդում են մեր քաղցրահունչ մայրենին, պահպանում ու զարգացնում են հայ մշակույթը:

Հայ ինքնության կարեւոր գրավականը մայրենի լեզուն է: Հարյուրամյակների ընթացքում հաճախ հենց հայոց լեզուն է փոխարինել Հայրենիքին: Հայապահպանությունը սփյուռքում բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից: Այն սոսկ սփյուռքի խնդիրը չէ. սա մենք հստակ գիտակցում ենք: Հայոց լեզուն եւ հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմաններն են: Փորձե՛նք ազգովի պայմանավորվել, որ հայ ընտանիքում պետք է խոսել միայն հայերեն: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին, մանավանդ ներկա բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս հեռավար ուսուցման շնորհիվ սովորել լեզուն:

Սփյուռքում հայոց լեզվի պահպանման եւ տարածման խնդիրը օրակարգային է, քանզի սփյուռքահայերի մի ստվար հատվածը չի տիրապետում հայոց լեզվին կամ տիրապետում է մասնակի, իսկ Սփյուռքի որոշ համայնքներում հայոց լեզվի գործածումը սահմանափակվում է բանավոր խոսքով: Մեր լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր գոյության հիմնասյունը, ազգային միաբանության կարեւոր գրավականը: Ուրեմն, դիմելով ձեզ, ակնկալում եմ, որ համախմբվածության առաջիկա գործունեության թիրախ կդառնան լեզվի ուսուցման, փոխանցման եւ պահպանության խնդիրները: Հայոց պետությունը հիմնարար դեր պետք է խաղա այդ հարցում, եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Հայաստանը դառնա մայրենիի ուսուցման կենտրոն իր համալսարաններով, դպրոցներով, արագացված ուսուցման դասընթացներով: Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ արեւմտահայերենի խնդրին: Մենք` Հայաստանի իշխանություններս, մեզանից կախված ամեն ինչ անելու ենք արեւմտահայ գրական լեզվին սատար կանգնելու համար, որը գրաբարի, միջին հայերենի եւ գրական արեւելահայերենի հետ միասին կազմում է մեր մեծագույն հարստությունը: Առանց կեղծ համեստության պիտի նշենք, որ արեւմտահայերենով ստեղծված գրական ժառանգությունը համաշխարհային նշանակություն, բայց եւ լուրջ պաշտպանության կարիք ունի: Պատրաստակամ ենք լսել մասնագետների առաջարկությունները ոչ միայն այս, այլեւ մյուս խնդիրների վերաբերյալ: Համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք եւ առարկայական արդյունքներ: Հավատում եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել: Ավելին, որոշ սարեր արդեն շարժվել են: Եվ պատահական չէ, որ այդ միասնության խորհրդանիշն էլ սար է` բիբլիական Արարատը:
Մեր բանաձեւը հստակ է. Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար եւ Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը հայրենիքի համար»:

No comments: