Saturday, February 28, 2009

Հայկական եկեղեցին պետության ամենափորձառու և ազդեցիկ դաշնակիցն է. Նախագահ

HayInfo. 27-2-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ Առաքելական եկեղեցին պետության ամենափորձառու և ազդեցիկ դաշնակիցն է համարում։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Ինչպես հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահը ասել է ուրբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նախագահն ասել է, որ ուրախ է կրկին հյուրընկալելու և պատրաստ է շարունակել խոսակցությունը պետություն-եկեղեցի փոխգործակցության, ինչպես նաև հետաքրքրող այլ հարցերի շուրջ: «Ես ուրախ եմ, որ օրեցօր ամրապնդվում է այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի պետության և Սուրբ Էջմիածնի միջև, և կարծում եմ, այդպես պետք է լինի միշտ։ Դա որևէ ժամանակաշրջանի հետ կապված չէ, դա եկեղեցու և պետության առաքելությունն է: Ե՜վ եկեղեցին, և՜ պետությունը փոխադարձաբար միմյանց լրացնելու կարիք ունեն»,- ասել է նախագահը։ «Նոր հասարակություն ձևավորելու ընթացքում, իսկ մեր հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է, այս հարաբերությունները չափազանց կարևոր են»,- ավելացրել է նա: Նախագահը նշել է, որ դժվարությունների պահին հայ ժողովրդի վերջին հույսը միշտ եղել է հավատն առ Աստված։ «Մեր ժողովրդի աղոթքի ու մեր եկեղեցու շատ մեծ վաստակի շնորհիվ է, որ կարողացել ենք անցնել դարերի խաչմերուկներով և 20-րդ դարեվերջին ինքնուրույն պետականություն ունենալ ու շարժվել առաջ»,- ասել է պետության ղեկավարը: Նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ պետականություն ունենալով, ժողովրդին մի հանգրվանի հասցնելով` եկեղեցու դերը բնավ չի նվազում, այլ ընդհակառակը, քանի որ առաջանում են նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, և այդ խնդիրների լուծման ընթացքում, եթե պետությունն ու եկեղեցին առանցքային հարցերում միակարծիք լինեն, կարող են շատ ավելի մեծ հաջողությունների հասնել: Սերժ Սարգսյանի խոսքով` հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին հաստատություններից մեկն է, որ անընդհատ գործել է 1700 տարուց ավելի: «Դա նաև մեր ամենահին մշակութային, կրթական հաստատությունն է: Հայաստանի Հանրապետության պետական կառույցների համար ավելի փորձառու և ազդեցիկ դաշնակից անհնար է պատկերացնել»,- ասել է պետության ղեկավարը: Նախագահը կարևորել է Գերագույն հոգևոր խորհրդի առաքելությունը Հայ առաքելական և քույր եկեղեցիների հարաբերությունների օրինաչափ զարգացման և հայ եկեղեցու միասնականության պահպանման գործում: «Դեռ երկար տարիներ մեր պետությունը ի վիճակի չի լինելու դիվանագիտական և այլ պաշտոնական մակարդակներով աշխարհով մեկ ունենալ այնպիսի ներկայացվածություն, ինչպիսին այսօր ունի մեր եկեղեցին»: «Հետևաբար թե՜ Հայաստանի խնդիրներն ու շահերը ներկայացնելու, թե՜ Սփյուռքի հետ գործակցության նախաձեռնություններում պետությունը մեծապես կարիք է ունենալու մեր եկեղեցու աջակցությանը և այս խնդիրներում համատեղ աշխատանքի առավել արդյունավետ մեխանիզմներ ապահովելու համար մենք դեռ անելիք ունենք»,- ասել է նախագահը: Հանրապետության Նախագահը կրկին հավաստել է, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատվության տակ գտնվող հոգևոր մշակույթի, կրթական և բարեսիրական հաստատությունների և հուշարձանների պահպանմանն ու զարգացմանը:

No comments: