
/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - Անցյալ շաբաթ Ցեղասպանություններ ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիան Բարակ Օբամային նամակ հղեց, որում ամերիկյան նախագահին կոչ արեց Օսմանյան կայսրության հայերի զանգվածային ջարդերը ԱՄՆ հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում Ցեղասպանություն ճանաչել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA):
«Եթե Դուք ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, ապա կապացուցեք, որ Դուք այն առաջնորդն եք, որը պետք է ազնվությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վճռականորեն քննադատի ցեղասպանությունները աշխարհում»,- ասվում է IAGS-ի նամակում: Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մասին` IAGS-ի գիտնականները ընդգծում են, որ հենց թուրք ժողովրդի շահերից է բխում իր վրա վերցնել Օսմանյան կառավարության պատասխանատվությունը եւ ճանաչել սեփական անցյալը այնպես, ինչպես դա արեց Գերմանիան Հոլոքոստի դեպքում:
«Ավելի քան մեկ տասնամյակ թուրք գիտնականները, գրողները վտանգում են սեփական կյանքը` խոսելով Հայոց ցեղասպանության ճշմարտության մասին: Նրանք հասկացել են, որ սեփական երկրի անցյալի ճանաչումը, անկախ այն բանից, թե որքան մութ է այն, ժողովրդավարության հաստատման անբաժան մասն է կազմում»,- նշվում է IAGS-ի ներկայացուցիչների նամակում:
AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր հերթին նշել է, որ Բարակ Օբամայի առաջիկա այցը Թուրքիա ունիկալ հնարավորություն է ընձեռում Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար: «Մենք ողջունում ենք IAGS-ին` նրա նախաձեռնության եւ պատմական արդարության վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար` որպես ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի մեթոդ»,- հայտնել է Բրայան Արդունին:
No comments:
Post a Comment