Առաջարկում է «Ռեֆերանս» թերթը նախագահ Օբամայի այցի նախօրյակին
«ԱԶԳ» 18-3-2009- Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը «Զամանին» տված հարցազրույցում, որը հրապարակվել էր մարտի 3-ի համարում, «Հնարավո՞ր է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ում կատարվի Թուրքիայի համար անախորժ զարգացում» հարցին ի պատասխան ասել էր. «Չեմ կարող ասել, թե հարց չի ծագի: Ծագման ռիսկը, իհարկե, պահպանվում է»: Այնուհետեւ նա սխալ էր համարել Ցեղասպանության հարցում որեւէ երկրի, այդ թվում ԱՄՆ-ի հնարավոր մոտեցումը, նախագահ Օբամայի հայտարարությունը կամ Կոնգրեսի որոշումը, ապա եւ շարունակել. «Հինգ հոգանոց խմբեր ենք կազմել, առաջիկա 3-4 շաբաթներին կմեկնեն ԱՄՆ եւ կբացատրեն մեր թեզերը»:
Մարտի 13-ին Անկարայում Բաբաջանին հավելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, անպատասխան թողնելով թուրք լրագրողների «ապրիլի 24-ին նախագահ Օբաման 1915-ի իրադարձությունները կբնութագրի՞ որպես ցեղասպանություն» հարցը եւ մատնանշել. «Չեմ կարող պատասխանել հարցին: Ոչ էլ կարող եմ իմանալ, թե նախագահն ինչ որոշում կընդունի»:
«Ազգը» մարտի 4-ի եւ 14-ի համարներում անդրադարձել է Բաբաջանի եւ Բրայզայի հայտարարություններին, իսկ մարտի 11-ին գրել էր, որ անկախ «ցեղասպանություն» բառի օգտագործման հանգամանքից, ԱՄՆ նախագահի ուղերձն իրերի դրությունը Թուրքիայի համար չի փոխում, ընդամենը հետաձգում է Ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ քանի դեռ չի հերքվել Հայոց ցեղասպանության փաստը, ճանաչման հարցը կմնա ԱՄՆ-ի օրակարգում եւ կպահպանի իր դերն ու նշանակությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Կասկածից վեր է, որ Անկարան ամեն կերպ ձգտելու է Ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակին ծառայեցնել Բարաք Օբամայի ապրիլի 6-7-ին նախատեսվող այցը Թուրքիա, ինչպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի պարագայում էր, որպես կանխարգելման միջոց օգտագործելով Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը միտված երկխոսության գործընթացն ու հայ-թուրքական դիվանագիտական շփումները, որոնք հակազդեցությունից զերծ պահելու մղումով, ինչպես մարտի 11-ին նշել էր «Աքշամը», ծավալվում են գաղտնի:
Հարցը, սակայն, գաղտնիությունը չէ, այլ «բանակցությունների փաթեթը», որի պատրաստման աշխատանքներին, «Աքշամի» վկայությամբ, ձեռնամուխ է եղել Թուրքիայի արտգործնախարարությունը, կարեւոր է նաեւ փաթեթի բովանդակությունը: Ըստ փաթեթի, Թուրքիան բացում է հայկական սահմանը, սկսում է միջպետական առեւտուրը երկու երկրների միջեւ, փոխադարձաբար դեսպանատներ են հիմնվում, այսինքնՙ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերություններ: Փոխարենը Հայաստանը դուրս է գալիս «օկուպացված Ղարաբաղից» եւ դադարեցնում Ցեղասպանության ճանաչման ջանքերը:
Եթե Թուրքիայի արտգործնախարարությունն ընդամենը ձեռնամուխ է եղել «բանակցությունների փաթեթի» նախապատրաստությանը, ապա դրա բովանդակությանը ինչպե՞ս է ծանոթացել «Աքշամը»: Քանի որ անհնար է ծանոթանալ դեռեւս չպատրաստված փաթեթին, ուստի դրա մասին ինֆորմացիա են տրամադրել թերթին, որ հակառակ կողմի հակազդեցությունը ստուգելու նկատառումով հրապարակի: Համենայն դեպս, Վաշինգտոն գործուղված Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակության անդամ Նուրսունա Մեմեջանը հայտարարություն է արել «Աքշամին»: Նա Հայաստանի հետ «բանակցությունների փաթեթը» հուսադրող է համարել «սփյուռքի ցեղասպանության ճանաչման» թեզի չեզոքացման առումով եւ ասել է. «Այս հարցը վաղ թե ուշ պետք է լուծվի: Չի կարելի երկկողմ հարաբերությունները թշնամանքով սնուցել: Հայաստանում նոր սերունդն աճում է ցեղասպանության թեզերով»:
«Աքշամին» մարտի 16-ի համարում լրացնում է «Ռեֆերանս» թերթը, թե վերջին շրջանում Թուրքիան հաճախակի զարմանք է պատճառում աշխարհին, դիմելով անսպասելի քայլերի: Դրանց թվում նշվում են Հյուսիսային Իրաքի քրդերի հետ հարաբերությունների զարգացումը, PKK-ի հարցում ձեռք բերվող համագործակցությունը, «Էրգենեքոնի» գործով դատավարությունը, Դավոսի միջադեպը, թուրքական հանրային հեռուստատեսությամբ քրդերեն հաղորդումների հեռարձակումն ու նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան:
Ըստ «Ռեֆերանսի», Թուրքիան կարող է էլ ավելի զարմացնել աշխարհին, եթե ավելի համարձակ գործի, կարողանա այնպես անել, որ Կիպրոսի խնդիրն այլեւս Եվրոմիության հետ հարաբերությունների խոչընդոտ չհանդիսանա, կարող է բացել ժամանակին քաղաքական նկատառումներով փակված Ստամբուլի հույն հոգեւոր ճեմարանը, նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները, թերեւս դրանով էլ, որպես հիմնախնդիր, արտաքին քաղաքականության օրակարգից դուրս մղել Ցեղասպանության բանավեճերը:
«Ավելին, գրում է թերթը, եթե Թուրքիան, ավելի շուտՙ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները ցանկանան, ապա կարելի է «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության 2-րդ ֆորումի ընթացքում սահմանները բացելու որոշում ընդունել եւ անակնկալ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ աշխարհին, հայտարարելով, որ այս երկրի հետ քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում հարաբերությունները զարգացնելու, տասնյակ տարիների վաղեմությամբ թյուրիմացությունը վերացնելու, պատմությունը պատմաբանների հայեցողությանը թողնելու մղումով դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում: Այս հայտարարությունը չի վնասի Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա հավանաբար դեմ կլինի ապրիլի 24-ի նախօրյակին հարաբերությունների կարգավորմանը եւ չի ցանկանա, որ Թուրքիան այդ քայլին դիմի: Մի՞թե այս հանգամանքը չի պարտադրում Թուրքիային անակնկալ մատուցել: Եթե վարչապետը կամ նախագահը այդպիսի հայտարարություն անեն, ապա դա կարող է մերժել հենց ՀՀ նախագահ Սարգսյանը, ասելով, թե չեն ուզում: Վերջին շրջանում Թուրքիան հաճախակի զարմացնում է աշխարհին, անսպասելի քայլեր կատարում»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Wednesday, March 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment