
Lragir 18-3-2009- Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները վերջին օրերին բավական աշխուժացել են: Նույնիսկ հայտարարություններ են հնչում ապրիլին այդ սահմանի բացման հարցում էական առաջընթաց արձանագրելու մասին, օրինակ Գալուստ Սահակյանի շուրթերով, իսկ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ անգամ ասում է, որ չի բացառվում սահմանի բացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը:
Առաջին հայացքից թվում է, որ սահմանի բացման մասին խոսակցությունները շրջանառելու, թեժացնելու նախաձեռնությունը ձեռնտու է Թուրքիային, որի իշխանությունը հավանաբար ինչ-ինչ խոստումներ կամ ակնարկներ է արել Հայաստանի իշխանությանը, իսկ Հայաստանի իշխանությունն էլ այդ ակնարկների հիման վրա տարածում է սահմանի մոտալուտ բացման մասին խոսակցությունները: Բոլորի համար, կամ գրեթե բոլորի համար պարզ է, որ այդ ձեւով Թուրքիան հնարավորություն է ստանում ԱՄՆ նոր նախագահին ասելու, որ եթե ցեղասպանությունը ճանաչվի, ապա հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը կարող է տապալվել: Այդ շանտաժն առավել համոզիչ կդառնա նաեւ, եթե Հայաստանն ու Թուրքիան ապրիլին ստորագրեն ինչ որ հուշագիր կամ հռչակագիր, որը կխոսի երկու երկրների միջեւ ինչ որ բանի առկայության մասին: Դա կլինի հենց Կիրո Մանոյանի ասած փաստաթուղթը, որն էլ Բարակ Օբամային շոշափելի հիմք կտա առժամանակ հետաձգելու ցեղասպանության ճանաչումը, քանի որ ԱՄՆ նոր նախագահի համար մի քիչ նվաստացուցիչ կլինի միայն թուրքական շանտաժի պատճառով չկատարել հայերին տված խոստումը: Իսկ փաստաթղթի առկայությունն արդեն խոստմնազանց լինելու համար իրեղեն պատճառ է, արդարացում:
Սակայն թող չթվա, որ այդ մասին խոսակցությունների շրջանառումը ձեռնտու են միայն Թուրքիային եւ Բարակ Օբամային, իսկ Հայաստանի իշխանությունն էլ պարզապես կուլ է տվել խայծն ու ոգեւորված ինչ որ խոսակցություններ է դրել շրջանառության մեջ, բայց հետո մնալու է ձեռնունայն, այսինքն թե սահմանը չի բացվելու, թե ցեղասպանությունը չի ճանաչվելու: Իրականում այդ խոսակցությունները միանգամայն նպաստավոր են նաեւ Հայաստանի իշխանության համար: Բանն այն է, որ մայիսի 31-ին Երեւանի քաղաքապետի ընտրություն է, որին ընդդիմությունը փորձելու է տալ քաղաքական բնույթ: Ըստ երեւույթին ընդդիմությանը դա կհաջողվի, դատելով մարտի 1-ի հանրահավաքի եւ երթի բազմամարդությունից, առավել եւս, որ ընդդիմությունը կատարեց նաեւ իր "ձիու քայլն" ու քաղաքապետի թեկնածու առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինչ կարող է ընդդիմության այդ քաղաքական քայլին հակադրել իշխանությունը: Միայն ասֆալտ, այն էլ թերեւս անորակ, իհարկե բռնությունից բացի: Բայց իրավիճակը մի քիչ այլ է ու թե ասֆալտը, թե բռնությունը, կարող են խիստ անբավարար լինել, իսկ բռնությունն էլ` նույնիսկ վտանգավոր:
Ահա հենց այդտեղ էլ կարող է ինչ որ դեր կատարել հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ինչ որ զարգացման առկայությունը: Դրանով իշխանությունը կփորձի հասարակության ուշադրությունը ներքին գործընթացից շեղել արտաքին հարթություն, երբ ասենք կարող է ուր որ է բացվել հայ-թուրքական սահմանը: "Ինչ քաղաքապետի ընտրություն, ինչ բան, եթե ուր որ է տեղի է ունենալու պատմական իրադարձություն", թերեւս կսկսի քարոզել իշխանությունը:
Այնպես որ, հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունների ակտիվացումը ձեռնտու է հավասարապես թե Թուրքիային, թե Ամերիկային, թե Հայաստանին: Խնդիրը պարզապես այն է, որ եթե այդ խոսակցությունների ակտիվացումը Թուրքիայի եւ Ամերիկայի դեպքում կարծես թե տեղավորվում է պետական շահի շրջանակում, քանի որ թուրքերը դրանով կանխում են Ամերիկայում ցեղասպանության ճանաչումը, իսկ Ամերիկան էլ հնարավորություն է ստանում հայերի առաջ իր դեմքը փրկելով ինչ որ հարաբերություն կառուցել Թուրքիայի հետ, ապա Հայաստանի պարագայում այդ խոսակցությունները տեղավորվում են բացառապես իշխանության շահի շրջանակում, քանի դեռ տեղի չի ունեցել բացման հարցում իրական առաջընթաց: Ու ավելին, եթե այդ առաջընթացի գինը լինելու է ներքին ճահճի պահպանումը եւ ընդամենը զարգացման նոր հեռանկար է բացելու կլանա-օլիգարխիկ համակարգի համար, ապա նույնիսկ սահմանի բացման դեպքում Հայաստանի պետական շահ նշմարելի չէ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment