Saturday, March 14, 2009

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Իրանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն` շեշտելով հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում ծավալված արդյունավետ համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են Հայաստան-Իրան երկաթգծի եւ նավթամուղի կառուցմանն առնչվող հարցեր: Մանուչեհր Մոթթաքին ընդգծել է այս ծրագրերը կյանքի կոչելու հարցում իրանական կողմի հետաքրքրվածությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության խնդիիրներին, հաղորդում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:

No comments: