ԳԽ պատգամավոր Համլետ Նահատակյանը վստահ է, որ այսօրվա հանրապետականները նժդեհական չեն
«Առավոտ» 13-3-2009- «Ջավախքի փրկությունը հիմա ջավախահայության միասնության մեջ է: Ոչ մի ազգ չպետք է ուրիշի վրա հույս դնի: Վերջերս ադրբեջանցիները մի շատ հետաքրքիր բան տարածեցին՝ «հայերի թշնամիները հայերն են»: Ցավոք, այդպես է: 1988-ին մենք միավորվեցինք եւ մեզանից յոթն անգամ ուժեղ ադրբեջանցիներին հաղթեցինք, մեր տարածքները ետ վերցրինք»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԳԽ պատգամավոր, արմատներով Ջավախքից Համլետ Նահատակյանը: Ընդ որում, պարոն Նահատակյանն ընդվզում է այժմ հնչող այն մոտեցումների դեմ, որ ազատագրված տարածքներում արյուն է թափվել, եւ այդ իսկ պատճառով անհնարին է դրանց վերադարձը, քանի որ՝ «Այդ տարածքներն իրավա-պատմականորեն մեզ են պատկանում, անգամ Տիգրանակերտի ավերակները հայտնաբերվեցին»: Որպեսզի Ջավախքը չարժանանա Ղարաբաղի, առավել եւս՝ Նախիջեւանի ճակատագրին, մեր զրուցակիցը ջավախեցիներին րոպե առաջ միավորվելու կոչ է անում. «Նժդեհն ասել է՝ «Ուժեղին օգնում են, թույլին խղճում ու գնում են»: Երբ Ջավախքը թուլանում է՝ նրան սկսում են ճնշել, իսկ երբ ուժեղանում է՝ անպայման օգնում են: Ամեն մի ջավախեցու, որտեղ էլ որ նա ապրելիս լինի, ուշադրությունը պետք է սեւեռված լինի Ջավախքին եւ օգնի՝ ամեն ինչով, որպեսզի այնտեղ արտադրություն լինի, եւ ժողովուրդը չհեռանա: Ժողովրդի հեռանալով՝ մենք Ջավախքը կտանք, իսկ դա չի կարելի, մեր միակ հույսը Իրանը կմնա»: Մեր զրուցակիցը նույնիսկ կոչ է անում հույս չդնել ոչ վրացական, ոչ էլ հայկական իշխանությունների վրա, քանի որ, ըստ նրա, կոնկրետ հայկական իշխանություններն այսօր մեկ խնդիր ունեն՝ ոտքի կանգնեցնել Հայաստանը եւ պահել Ղարաբաղը. «Ջավախքով նրանք չեն հետաքրքրվում: Հետաքրքրվեն էլ՝ ուրիշ բան անել չեն կարող: Մենք՝ ջավախեցիներս, սեփական ուժերով այդ հարցերը պետք է կարգավորենք: Պետք է կարողանանք նյութական բազա ձեւավորել, որպեսզի ջավախեցին մնա Ջավախքում: Ջավախեցիները հայրենասեր են եւ իրենց հայրենիքի համար ամեն ինչ անում են, բայց ապրելու միջոց չունեն... Մենք պետք է վերադառնանք Ջավախք: Նախիջեւանը դատարկվեց նրա համար, որ նախիջեւանցիները չմտածեցին իրենց բուն երկրի մասին. մենք պետք է մտածենք մեր երկրի մասին՝ առանց այլոց վրա հույս դնելու: Մենք ենք մեր թշնամին, ուրիշների մեջ թշնամի չփնտրենք»:
Ի հավաստումն ասվածի, պարոն Նահատակյանը հղումներ է անում հայոց պատմությանը, ընդհուպ՝ նորագույն շրջանին՝ «Անդրանիկի վրա հազարավոր թուրքեր էին կրակել՝ նա չէր հիասթափվել, Վազգեն Սարգսյանին ո՞վ սպանեց, Կարեն Դեմիրճյանին ո՞վ սպանեց: Հայը: Այն դեպքում, երբ Ադրբեջանը, անգամ Թուրքիան անհանգստացած էին Հայաստանի հզորացումից: Եթե 1920 թվականին հայերը միասնական լինեին՝ Ղարաբաղը, Նախիջեւանն օտարի ձեռքը չէին անցնի»: Այս համատեքստում նա կոչ է անում օրինակներ վերցնել Նժդեհից եւ հայի ու հայկական ոգով դաստիարակել ու դաստիարակվել: «Մենք չպետք է աներեւույթ գաղափարի համար կռվենք: Բոլոր ժողովուրդները կռվում են իրենց երկրի ու լեզվի համար: Պարսիկներն էլ կրոնը փոխեցին, բայց շարունակեցին կռվել երկրի համար: Հայից բացի, ոչ մի ժողովուրդ Աստծո համար չպայքարեց: Իսկ մենք, մինչ օրս, հույսը դնում ենք Աստծո վրա եւ կորցնում ամեն ինչ: Եթե այսպես մնանք՝ Ջավախքն էլ կկորցնենք»,- ասում է Հ. Նահատակյանը:
Հետաքրքրվեցինք՝ նժդեհյան գաղափարակիր ներկայիս հանրապետականները չե՞ն բավարարում մեր զրուցակցին: «Ներկայիս ՀՀԿ-ում նժդեհյան գաղափարները չեն պահպանվում: Նավասարդյան Աշոտը կուսակցությունը ստեղծեց այդ գաղափարներով, բայց ներկայիս հանրապետականների մեջ ոչ այդ գաղափարները կան, ոչ էլ հեթանոսական հայկական ոգին: Շատ հեռու են: Նժդեհյան գաղափարները շատ թե քիչ պահպանվել են «Հայ արիների» մոտ»,- ասում է նա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment