Wednesday, March 25, 2009

ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ, ԵՐԲ ՕԲԱՄԱՆ ԱՐՏԱՍԱՆԻ ԱՅԴ ԲԱՌԸ

Lragir 25-3-2009- Ինչ է լինելու հետո, երբ ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբաման ճանաչի հայերի ցեղասպանությունը, ապրիլի 24-ին արտասանի այդ բառը: Հայաստանում այս հարցի մասին բարձրաձայն թերեւս քչերն են արտահայտվել, մինչդեռ հարցը կարծես թե իսկապես կարեւոր է, ինչպես որ կարեւոր է այդ հարցի պատասխանը: Այդ առումով թերեւս իրավացի էր վերջերս մի նեղ շրջանակի հանդիպման մեր արտասահմանցի զրուցակիցը, որ մեզ` մասնակիցներիս, տվեց այդ հարցը` "ինչ է լինելու հաջորդ քայլը, եթե Օբաման ճանաչի ցեղասպանությունը": Դժվար է ասել, թե որն է լինելու ԱՄՆ հաջորդ քայլը, Թուրքիայի հաջորդ քայլը, Ռուսաստանի հաջորդ քայլը, Կրամնիկի, Անանդի կամ Արոնյանի հաջորդ քայլերը: Իսկ ահա Հայաստանի հաջորդ քայլի կանխատեսումը երեւի թե բավական հեշտ գործ է: Բնական է, որ Հայաստանի հաջորդ քայլը լինելու է Օբամային Հայ Առաքելական եկեղեցու սրբերի շարքը դասելը, հետո Բարակ Օբամայի ծննդյան տոնը մեր եկեղեցական տոնացույցի տաղավար տոների շարքում ընդգրկելը, այն զուգորդելով նաեւ աշխարհիկ տոնակատարության էլեմենտներով: Մյուս քայլը կլինի Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզկենտրոններում Օբամայի անվան փողոցներ, պուրակներ, մշակույթի տներ եւ տուն-թանգարաններ անվանակոչելը: Հաջորդը կլինի հեռուստառեպորտաժը ասենք Շիրակի մարզի Ղուկասյանի հեռավոր գյուղերից մեկից, ուր ցեղասպանությունից մազապուրծ պապերից սերող երիտասարդ զույգը իրենց զույգ առաջնեկներին անվանում է Բարակ եւ Օբամա ու ասում, որ նրանց կնքահայր հաճույքով կդներ ԱՄՆ նապագահին: Այդ ամենին զուգահեռ, Զորի Բալայանը Կիլիկիա նավը կվերանվանի Քենիա, իսկ Հայաստանի դպրոցների տարրական դասարաններում կսկսեն դասավանդել բարեկամ քենիացի ժողովրդի պատմությունը: Կարելի էր չկասկածել, որ գառներ եւ ոչխարներ կմորթվեին Հայաստանում ամերիկյան դեսպանատան առաջ, հայ երեխաները ծնկաչոք շնորհակալություն կհայտնեին, եթե իհարկե ողջ լիներ այդ գաղափարի հեղինակ-կատարող Ալեքսանդր Գիվոեւը, որ այդ բանն արեց մի քանի տարի առաջ Ֆրանսիայի դեսպանատան առաջ: Դժբախտաբար Գիվոեւը այժմ ողջ չէ, թեեւ պետք չէ բացառել, որ նրա գործը անմահ է եւ կգտնվի մեկը, ով կստանձնի այդ առաքելությունը: Գուցե կան մարդիկ, որ չնայած այդ ամենին, էլի կհարցնեն` "իսկ հետո, իսկ ինչ է լինելու հետո": Այդպես կարելի է անվերջ հարցնել: Միթե քիչ է այն, ինչ կլինի: Այդ ամենից հետո աշխարհը պարզապես ապշելու է եւ նախանձելու է Օբամայի բախտին, իսկ Օբաման էլ այնքան է շոյվելու, որ երեւի թե ցեղասպանություն բառը սկսելու է արտասանել ոչ թե միայն ապրիլի 24-ին, այլ ամեն ամսի 24-ին, ակնկալելով հայերի նույն արձագանքը: Այդ հեռանկարը, ցեղասպանության ճանաչման դեպքում քայլերի այդ հաջորդականությունը կարծես թե տեսանելի է կատարված փաստի աստիճանի: "Բայց էլ ուրիշ ինչ" հարցը կարծես թե մնում է բաց: Ասում են, որ միայն պատմական արդարության վերականգնումն է խնդիրը եւ դրա համար ենք մենք հետամուտ լինում ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Եթե այդպես մտածի տոնավաճառում ՀԴՄ կտրոն պահանջող պոտենցիալ շահողը կամ նրա շահումին արդեն իսկ նախանձող կտրոն չտրամադրողը, դա դեռ կլինի հասկանալի, բայց երբ այդպես մտածի պետական դիվանագիտությունը, դա մեղմ ասած կլինի տարօրինակ: Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար, արդարությունից բացի, չի կարող չհետապնդել քաղաքական նպատակ, չի կարող չսպասարկել Հայաստանի քաղաքական շահը: Այդ մասին բարձրաձայնելը գուցե սխալ է, բայց նաեւ կարիքը չկա, քանի որ բոլորի, այդ թվում Ամերիկայի ու Թուրքիայի համար էլ պարզ է, որ խնդիրը միայն արդարությունը չէ, այլ առկա է քաղաքական ազդեցության հարցը: Հետեւաբար, եթե ոչ պաշտոնական, բայց գուցե հանրային քննարկման մակարդակով պետք է պարզել, թե ինչ համարժեք քայլեր ունի անելու Հայաստանի Հանրապետությունը, եթե ԱՄՆ ճանաչի հայերի ցեղասպանությունը: Արդյոք դրանից հետո, բացի անսահման շնորհակալություններից, Հայաստանն ունի այլ անելիք, թե մեր խնդիրը լինելու է սպասելը: Այդ երկու ճանապարհների տակ կան բազմաթիվ "արահետներ", որոնց շուրջ պետք է ծավալել հանրային քննարկում, ինչը գուցե կօգնի նաեւ պաշտոնական Երեւանին կայացնել որոշում, մշակել մարտավարություն, կամ փոխել արդեն իսկ մշակածը, եթե այդպիսին կա: Մինչդեռ այսօր ընդամենը լսում ենք քննարկումներ "կճանաչի, թե չի ճանաչի" թեմայով: Հնարավոր է նույնիսկ, որ երեւի թե Օբամային էլ օգնած կլինեինք, եթե մեր հանրային քննարկումներով, որ կարող է ոչ պաշտոնապես նախաձեռնել պաշտոնական Երեւանը, նրան ցույց տայինք, թե ինչի ենք մենք պատրաստ, ինչ կարող ենք եւ ինչ ենք ուզում անել ցեղասպանության ճանաչումից հետո, մատաղներից եւ անվանակոչություններից բացի իհարկե: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: