Wednesday, March 25, 2009

Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

«Ազատություն» 24-3-2009- Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ դատարանում հրապարակված դատավճռի, Գագիկ Ջհանգիրյանը անցյալ տարվա փետրվարի 23-ին «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արման Հարությունյանին, պատռել է նույն վարչության աշխատակից Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը»: Գործով տուժող ճանաչված Արման Հարությունյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ Գագիկ Ջհանգիրյանը իրեն «հրել է», եւ ինքը «անսպասելիությունից վայր է ընկել», իսկ «ցավ [Ջհանգիրյանը] իրեն չի պատճառել»: Թե՛ մեղադրող Կորյուն Փիլոյանը` մեղադրական ճառում, թե՛ դատավոր Ժորա Վարդանյանը` դատավճռում, նշել էին, որ «հաշվի են առել կատարված արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»: Նման դատավճիռը սպասելի էր ե՛ւ Գագիկ Ջհանգիրյանի, ե՛ւ նրա շահերի պաշտպանների համար: Ջհանգիրյանը դեռ մինչեւ դատավճռի հրապարակումը ներկաներին հորդորեց «տուրք չտալ զգացմունքներին»: Իսկ նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Սպասելի էր, որովհետեւ մենք դատարանից արդարադատություն չէինք ակնկալում ի սկզբանե»: Թեեւ ինչպես Գագիկ Ջհանգիրյանը, այնպես էլ նրա շահերի պաշտպանները համոզված են, որ Հայաստանի դատարաններում արդարադատություն չի իրականացվում, այդուամենայնիվ բողոքարկելու են դատավճիռը: «Անմիջապես դատավճիռը ստանալուց հետո, իհարկե, բողոք ենք ներկայացնելու վերաքննիչ դատարանը», - ասաց Լուսինե Սահակյանը: - «Նպատակը նա չէ, որ մենք արդարադատություն ենք ակնկալում Հայաստանի Հանրապետությունում: Նպատակը ներպետական ատյանների սպառումն է: Ինչպես գիտենք, Եվրոպական դատարան դիմելու համար դա պարտադիր նախապայմաններից մեկն է»: Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ելույթ էր ունենցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հանրահավաքում: Կարինե Քալանթարյան

No comments: