Wednesday, March 18, 2009

Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Հայոց ցեղասպանությունը. սա է Օբամայի երկընտրանքը

HayInfo. 17-3-2009- Բարաք Օբաման տատանվում է. նա դեռևս չի որոշել՝ արդյո՞ք կարտասանի «ցեղասապանություն» բառը ապրիլի 24-ին։ ԱՄՆ նոր վարչակազմն այս պահին չի ցանկանում «նեղացնել» Թուրքիային, քանի որ այս երկիրը կարող է լուրջ ռազմավարական նշանակություն ունենալ ԱՄՆ–ի համար։ Նման եզրակացության է հանգում Los Angeles Times–ի վերլուծաբան Փոլ Ռիխտերը, այսօր թերթում հրապարակված հոդվածում։ Հեղինակը նշում է, որ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նոր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խոսում է այս խնդրի շուրջ ծավալվող հայկական լոբբիի ջանքերի մասին։ Սակայն Ռիխտերը նաև նշում է, որ ԱՄՆ վարչակազմը հայցում է նաև պաշտոնական Անկարայի օգնությունն Աֆղանստանի, Իրաքի, Իրանի հետ կապված խնդիրներում և այլ գերկարևոր հարցերում։ Թուրքիան, իր հերթին, անընդհատ «մեսիջներ» է ուղարկում Վաշինգթոնին առ այն, որ 1915թ. դեպքերը որպես Ցեղասպանություն որակելու դեպքում կարող են վտանգի ենթարկվել հայ–թուրքական զարգացող հարաբերությունները, ըստ այդմ՝ զրկելով ԱՄՆ-ին Թուրքիայի օգնությունից։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները քննարկում են նախագահի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը հետաձգելու հարցը՝ նույնպես մեջբերելով Թուրքիայի և Հայաստանի միջև սկիզբ առած մերձեցման առաջընթացը, գրում է LA Times–ը։ Երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը, օրինակ, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը, կարող է լրացուցիչ փաստարկ հանդիսանալ նման կարծիք ունեցող մարդկանց համար։ «Ներկա պահին մեր ուշադրությունը բևեռված է այն խնդրի շուրջ, թե ինչպես Միացյալ Նահանգները, շարժվելով առաջ, կարող են օգնել Հայաստանին և Թուրքիային աշխատել միմյանց հետ՝ անցյալի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար»,- նշել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայքլ Համերը։ Նա նաև նշել է, որ վարչակազմը «ոգևորված է» երկու երկրների հարաբերություններում առկա բարելավմամբ և հավատացած է, որ «շատ կարևոր է, որ երկրները վարեն բաց և ազնիվ երկխոսություն անցյալի շուրջ»։«Ցեղասպանություն» բառն արտասանելու–չարտասանելու հարցը Օբամայի համար հատկապես արդիական է վերջին ժամանակահատվածում։ Ապրիլի 5-ին նա պաշտոնական այց կկատարի Թուրքիա և նա չի կարող չանդրադառնալ այս խնդրին։ Ինչպես նշել է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Փերիսը, Օբամայի այցը Թուրքիա իրենից որոշակի վտանգ է ներկայացնում վարչակազմի համար։ Փերիսնը նաև հավելել է, որ «քարտեզի վրա շատ խաղաքարտեր են դրված, հնարավոր է, որ դրանք այժմ անտեսվում են, բայց հետագայում կարող մեծ վնաս հասցնել Օբամայի հուսալիության կերպարին»։ Հիշեցնենք, որ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս որակել է 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն։ Փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես նման դիրքորոշում ունեն։ Սակայն Օբամայի վարչակազմը ցանկանում է օգտագործել Թուրքիային Աֆղանստանում ռազմական գործընկերոջ դերում։ Այն նաև առավել մեծ օգնություն է հայցում Թուրքիայից Իրաքի և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներում, Մերձավոր Արևելքում խաղաղություն պահպանելու հարցերում։ Այդ իսկ պատճառով, եզրահանգման է գալիս Ռիխտերը, ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը կարող է նաև չարտասանվել։ Իսկ ահա կոնգրեսականները, ովքեր հանդիսանում են Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, հիասթափությամբ են խոսում նման հնարավորության բացառման մասին։ «Պատճառաբանությունը, որն այժմ շատերը մեջբերում են, ընդամենը հին երգի նորացված մարմնավորումն է։ Եվս մեկ անգամ նշվում է, որ մենք պետք է ընդունենք ցեղասպանությունը, պարզապես ոչ այս տարի»,- նշել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից և սատարողներից մեկը՝ հանրապետական Ադամ Շիֆը։

No comments: