Thursday, March 5, 2009

Բաքուն շարունակում է ՄԱԿ-ում ներկայացնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «փաստաթղթերը»

/PanARMENIAN.Net/ 04.03.2009 - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր վեհաժողովին երկու փաստաթուղթ է ներկայացրել: 2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրադրության մասին» բանաձեւի նախագծի 8-րդ կետում ասվում է, որ Գլխավոր վեհաժողովի գլխավոր քարտուղարը պետք է զեկույց ներկայացնի տվյալ փաստաթղթի իրականացման մասին: Օգտվելով այդ հնարավորությունից` ադրբեջանական կողմը ԳՎ եւ ԱԽ ներկայացրել է չորս զեկույց: Փաստաթղթերից մեկը` ՄԱԿ- գլխավոր քարտուղարին հասցեագրված Ադրբեջանի հատուկ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ագշին Մեհդիեւի կողմից, կոչվում է «Զեկույց Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում եւ հարող տարածքներում հակամարտության կապակցությամբ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի օժանդակման մասին»: Գլխավոր քարտուղարին հասցեագրված երկրորդ ուղերձը կոչվում է «Զեկույց Ադրբեջանի տարածքները օկուպացրած Հայաստան ռազմականացված պետության միջազգային իրավական պարտականությունների մասին»: «30 էջից բաղկացած զեկույցում առաջադրվում է երեք հարց` 1. Արդյո՞ք Հայաստանը միջազգային իրավունքի տեսակետից համարվում է Ադրբեջանի տարածքները օկուպացրած պետություն; 2. Եթե առաջին հարցի պատասխանը դրական է, ապա ինչո՞ւմ են կայանում Հայաստանի պարտականությունները տվյալ տարածքում հասարակական կարգուկանոնի պահպանման, Ադրբեջանի իրավական համակարգի պահպանման եւ մարդու իրավունքների ապահովման գործում; 3. Ինչպե՞ս կարելի է Հայաստանին ստիպել` կատարելու միջազգային իրավական պարտալանությունները: Զեկույցի ամփոփման մեջ նշվում է, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն Հայաստանի վրա իր գործողությունների համար պետք է դրվեն 21 պարտականություններ», հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Դա 4-ր զեկույցն է, որը ներկայացրել է Ադրբեջանի հատուկ ներկայացուցչությունը ՄԱԿ-ում` Գլխավոր վեհաժողովում եւ Անվտանգության խորհրդում եւ որը «իրավական գնահատական» է տալիս Հայաստանի քաղաքականությանը: Առաջին երկուսը ուղղվել էին անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին եւ 29-ին: Այդ զեկույցների կապակցությամբ 2009թ. փետրվարին ԵԱՀԿ ՄԽ հանդես եկավ ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվող փաստաթղթերի դեմ:

No comments: