
Panorama. 25-3-2009- Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում աշխատանքն է սկսել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված հայ-ադրբեջանական հասարակական ֆորումը, որի կազմակերպիչը բրիտանական Ինթերնեշնլ ալերթ կազմակերպությունն է: Ֆորումին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյակովը: Բեռնար Ֆասիեն մասնավորապես նշել է, որ փոխզիջումը դա դիրքերի նահանջ չէ, այլ խնդրի լուծում` առանց պարտվածների: Ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ նոր պատերազմի կարող է բերել ինչպես ԼՂ անկախության ճանաչումը, ինչին չի գնում անգամ Հայաստանը, այնպես էլ այն Ադրբեջանին վերադարձնելու փորձերը: Նա նաև նշել է, որ իհարկե, մադրիդյան սկզբունքները իդեալական չեն, սակայն ոչ իդեալական փոխզիջումը իդեալական պատերազմից լավ է: Համեմատաբար իրատեսական տարբերակը ներկայումս հայ զինվորականների կողմից վերահսկվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելն է և անվտանգության երաշխիքները հաշվի առնելով ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մշակումը, որն ընդունելի կլինի Բաքվի ու Երևանի համար: Խնդրի լուծման մյուս մասն այսօր անլուծելի է և միայն 5-10 կամ 15 տարի հետո`ադրբեջանական համայնքի վերադառնալուց հետո հնարավոր է ԼՂ բնակչության ինքնորոշումը,- հայտարարել է նա: Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է. Ես չգիտեմ, որքանով են Սարգսյանն ու Ալիևը սիրում և հարգում միմյանց, բայց ինձ թվում է, որ նրանց միջև կա փոխադարձ վստահություն, սակայն հասարակությունները մնում են իրենց նախկին դիրքորոշումներում: Նրա խոսքով, հաճախ կրակի վրա յուղ են լցնում նաև լրագրողները: Բրայզան ընդգծել է, որ հասկանում է ԼՂ հայերի մտավախությունը, որոնք անվտանգության նկատառւմներից ելնելով չեն ցանկանում վերադարձնել իրենց կողմից վերահսկվող տարածքները, սակայն դա տեղի է ունենալու միջազգային երաշխիքների, ոչ թե միայն Ադրբեջանի երաշխիքների ներքո: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն էլ նշել է, որ խնդրի բարդությունը ստատուս քվոն է, որը ձեռնտու է մեկ կողմին, իսկ մյուս կողմը ցանկանում է ամեն գնով փոխել այն: Նա նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների հանդիպումներն ու ֆորումները տեղի են ունենում ոչ Երևանում կամ Բաքվում, ապա լավատեսական հույսեր չպետք է ունենալ: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
No comments:
Post a Comment