
Ուկրաինան շահագրգռված է մասնակցելու Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու կառուցման նախագծին, ուրբաթ լրագրողներին ասաց Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարար Իգոր Ուրբանսկին։Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան"
«Ուկրաինան ունի Եվրոպայում երկրորդ երկաթուղային ցանցը, մենք երկաթուղու կառուցման լավ տեխնոլոգիաներ ունենք, անշուշտ, Ուկրաինան շահագրգռված կլինի մասնակցել այս գործին ցանկացած փուլում՝ նախագծային, կառուցման, մատակարարման և այլ փուլերում», - ասաց նա։
Ուրբանսկու խոսքերով՝ «հարցն այն է, թե ինչպիսին կլինի երկաթուղագիծը, սակայն լոգիստիկայի տեսակետից Ուկրաինային շատ է հետաքրքրում այդ նախագիծը»։ Ինչպես կարծում է Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարարը, դա ևս մեկ քայլ է դեպի Պարսից ծոց։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն իր հերթին ասաց, որ «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցման նախագծում Ուկրաինայի մասնակցությունը հնարավոր է երկաթուղու կառուցման ընդհանուր հայեցակարգի մշակումից հետո։
«Մենք պատրաստ ենք ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում նաև Ուկրաինային, սական դեռևս ընթանում են «Իրան-Հայաստանի» տեխնիկատնտեսական հիմնավորումների սկզբի մասին աշխատանքային քննարկումները», - ասաց նախարարը։
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը թևակոխել է նախագծահաշվարկային փուլ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկված 13 տարբերակներից ընտրվել է մեկ տարբերակ, որը սկսվում է Մեղրիից և գնում է Սևանի ուղղությամբ։
Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանին թույլ կտա էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղուց օգտվել՝ ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայումս Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտասահմանյան երկրների հետ կատարվում է միայն Վրաստանի տարածքով։
Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ներդրումները կկազմեն 2 միլիարդ դոլար։ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի հարցում հետաքրքրություն են դրսևորում Համաշխարհային Բանկը և Զարգացման ասիական բանկը։
No comments:
Post a Comment