Saturday, March 21, 2009

ԵՐԲ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾՈՆ ՉԷ

Lragir. 20-3-2009- Բարակ Օբաման ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուն չէ, որ խոստացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը: Այսինքն, եթե նա չկատարի խոստումը, ապա ԱՄՆ համար հազիվ թե որեւէ ողբերգություն լինի: Բացի հայկական համայնքից, երեւի թե էլ ոչ ոք չի էլ նկատի, որ Օբաման խոստումը դրժեց: Բայց քանի որ Բարակ Օբաման պարկեշտ մարդ է, նա անկասկած կփորձի հնարավորինս հիմնավորել, թե ինչու առայժմ չի կատարում ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: Իսկ այդ հիմնավորումը, ինչպես արդեն շատ շատ մարդիկ են նկատել, կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունը, որն արտաքնապես ինչ որ նոր երանգ է ստացել "ֆուտբոլային դիվանագիտությունից" հետո: Այդ դիվանագիտության շրջանակում սկսել են չափազանց ակտիվ շրջանառվել հայ-թուրքական սահմանի բացման խոսակցությունները: Չի բացառվում, որ նույնիսկ մոտ ապագայում, այսինքն ապրիլի 24-ին հնարավորինս մոտ, Թուրքիան նույնիսկ կարմիր ժապավեն կապի սահմանի մոտ, ասելով, թե դա անում է առաջիկա օրերին կտրելու եւ այդպիսով հայ-թուրքական սահմանը բացված հայարարելու համար: Պարզ է, որ Բարակ Օբաման այն մարդը չէ, որ քար նետի հայ-թուրքական կարգավորման վրա: Անկասկած է, որ նա գուցե կգերադասի իր իսկ հեղինակությանը վնասել` չկատարելով ճանաչման խոստումը, քան վնասել հայերի եւ թուրքերի ջերմացմանը: Այդ առումով, թերեւս անիմաստ է թե սպասումը, որ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի ցեղասպանություն բառը, թե սպասումը, որ ԱՄՆ վարչակազմն այս անգամ չի խոչընդոտի Կոնգրեսին, որ այն ընդունի հայերի ցեղասպանության մասին բանաձեւը: Ուրեմն ինչի համար է այդ թատրոնը, որ խաղացվում է այս օրերին հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման մասին հայտարարությունների եւ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում ներառված ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի տեսքով: Այդ թատրոնն անկասկած բեմադրվել է ապրիլի առաջին տասնօրյակում Բարակ Օբամայի Թուրքիա կատարելիք այցի համար: Հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման մասին խոսակցություններով Թուրքիան փորձելու է ԱՄՆ համար հնարավորինս փակել մանեւրի ճանապարհը, իսկ Կոնգրեսում հայտնված ցեղասպանության մասին բանաձեւով էլ ԱՄՆ փորձելու է ինչ որ պահանջներ ներկայացնել Թուրքիային: Այսինքն, Թուրքիան ու ԱՄՆ այդպիսով որոշակի հավասարակշռում են իրար` Օբամայի այցից առաջ: Բայց դա իհարկե չի նշանակում, որ այցը ամեն ինչի վերջն է լինելու, այսինքն եթե այցի ընթացքում արժեքավոր պայմանավորվածություն չլինի, ապա ԱՄՆ կճանաչի ցեղասպանությունը: Ամեն ինչ շարունակական է եւ բնական է, որ հայ-թուրքական հարաբերությունը Թուրքիան շարունակելու է ծառայեցնել իր օգտին, իսկ ցեղասպանությյան մասին բանաձեւն էլ ԱՄՆ համար է գործիք լինելու Թուրքիայի դեմ: Այդ ամենն այնքան պարզ է, ու նույնիսկ պարզունակ, որ թվում է, թե նույնիսկ աշխարհաքաղաքական հարցերից բացարձակ անտեղյակ եւ որեւէ երկու տեղեկատվություն համադրելու անընդունակ մարդն անգամ հասկանում է: Ավելին, պարզությունն այնքան է, որ նույնիսկ կասկածում ես, թե այդօրինակ մասշտաբի հարցերը կարող են այդքան պարզ լինել, ու մտածում ես, որ թերեւս ամեն ինչ շատ ավելի բազմաշերտ է, բարդ է ու խճճված: Իհարկե, կասկածից վեր է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության համատեքստում կան շատ այլ գործոններ, բացի հայ-թուրքական հարաբերությունից եւ հայերի ցեղասպանության խնդրից: Եվ այդ գործոնները կարող են իրենց ազդեցությունը թողնել նաեւ հայ-թուրքական հարաբերության եւ ցեղասպանության ճանաչման գործոնների նշանակալիության աստիճանի վրա, թուլացնելով կամ մեծացնելով այդ գործոնների դերը: Բայց բանն այն է, որ այդ ամենի մեջ կարծես թե ոչ մի դերակատարում չունի Հայաստանը: Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունն, օրինակ, գործոն է, բայց Հայաստանը գործոն չէ: Առաջին հայացքից դա թվում է պարադոքսալ, թե ինչպես կարող է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունը լինել թուրք-ամերիկյան հարաբերության գործոն, իսկ Հայաստանն ինքնին գործոն չէ: Բայց ամեն ինշ շատ տրամաբանական է: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերություն անվանվող գործընթացը, եթե նույնիսկ ինչ որ պահ, ասենք մեկնարկային, հրավերային փուլում որեւէ աստիճանով ենթակա է եղել Հայաստանին, այսինքն եթե մեկնարկային ինչ որ փուլում Հայաստանը եղել է դերակատար, ապա այժմ արդեն Հայաստանը բացարձակապես որեւէ դեր չունի, բացի թուրք պաշտոնյաների հետ հանդիպելուց: Հայաստանին թերեւս հաջողվեց մի բան, որ Թուրքիան չպնդի եռակողմ հանդիպումների ձեւաչափին` Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան: Պարզ է, որ այդ ձեւաչափը Հայաստանի իշխանության համար ուղղակի անընդունելի կլիներ, քանի որ դա անհնար էր լինելու հասարակությանը ներկայացնել որպես Հայաստանի զարգացմանն ուղղված քայլ, քանի որ չափազանց ակնառու է այդ ձեւաչափի սպառնալիքը Հայաստանի անվտանգությանը: Եվ չնայած այդ ձեւաչափից հրաժարումը Թուրքիայի համար մի քիչ ավելացնում է աշխատանքը` ամեն անգամ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելուց առաջ կամ հետո գնալ եւ հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ, այդուհանդերձ Թուրքիան գնաց այդ քայլին, քանի որ հակառակ պարագայում կարող էր ընդհանրապես կորցնել Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների հնարավորությունը, մինչդեռ դրանք թուրքական կողմին պետք են թեկուզ հենց ԱՄՆ հետ հարաբերության համար, էլ չասած Եվրամիության, Ռուսաստանի մասին, ինչպես նաեւ տարածաշրջանում առաջատար լինելու հավակնության: Այդ պայմաններում, թվում է, թե Հայաստանի հիմնական հոգսը պետք է լիներ սեփական դերի բարձրացումը, եւ օրինակ ցեղասպանության ճանաչման հարցը պետք էր դիտարկել հենց այդ հարցի համատեքստում: Արդյոք ճանաչումը բարձրացնելու է Հայաստանի դերը թե Թուրքիայի հետ հարաբերության, թե ընդհանրապես տարածաշրջանային գործընթացի առումով: Բայց խնդիրը թերեւս այն է, որ Հայաստանը հատկապես վերջին ամիսների իր արտաքին քաղաքականության մեջ, ներքին խնդիրների հարցում ձախողումները կոծկելու, ներքինից ուշադրությունը շեղելու համար այնքան է առանց մտածելու նետվել Հայաստանի պետական շահի հետ փաստացի բացարձակապես կապ չունեցող նախաձեռնությունների գիրկը, որ արդեն կորցրել է թե սեփական դերը իր կամքով որոշելու ունակությունը, թե նույնիսկ այդ մասին մտածելու կարողությունը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: