«ԱԶԳ» 19-3-2009- Գինեսի մրցանիշների գրքում ԱՊՀ երկրների համար նախատեսված մի քանի սահմանափակ տեղերից մեկը հատկացրել են... Հայաստանին, հաշվի առնելով, որ այս երկիրն ընդհանրապես ռեկորդների երկիր է (օրինակ, մինչեւ սփյուռքի նախարարություն ստեղծվելը Հայաստանում եւ սփյուռքում, առանց պայծառատեսների գուշակության բոլորը գիտեին, որ սփյուռքն իմացող միակ արժանի նախարարացուն Հրանուշ Հակոբյանն է):
Հիմա, որ Գինեսի էդ մեկ տեղը հատկացրել են, էս Հայաստանն էլ, որը... քյասիբության ճգնաժամը լրացնում է ընտանեկան լոտոներով, զառերով ու դոմինոյի տախտակներով, որոշեց չհրաժարվել նախկին եղբայրական հանրապետությունների հետ մրցակցությունից:
- Առաջինը ես եմ,- ակադեմիայից մեջտեղ ընկավ ակադեմիայի անդամ-թղթակից Արտեմ Սարգսյանը: - Երկրագնդի վրա կարո՞ղ եք գտնել մի գիտնականի, որը տասնութ օրում երեքհարյուր էջանոց... գիրք գրի: Ահա թե ով է... Արտեմը:
- Պաշոլ տի, արա՛, խի՞ մենք ըստեղ ժիլետի թեւ ենք: Դու ո՞վ ես է, տո՛, - Արտեմին մի կողմ հրելով, բղավեց իր ջանից ու վզից հաստ ոսկե «ցեպը» ծնոտի տակ շխկշխկացնող հեռուստասերիալի դերասանը: Հապա աշխարհում մի հեռուստասերիալ գտի՛ր, որտեղ բոլորը իրենցից ու սցենարից անկախ գոռգոռանՙ կին, թե տղամարդ:
(Ասենք, որ էդ Գինեսի ռեկորդը Հայաստան իջեցնելու օրերին Երեւանում էին Սիցիլիայի մաֆիայի պաշտոնական պատվիրակության անդամները, որոնք Իտալիայում սցենարի... սով ու համաճարակ լինելու պատճառով Հայաստան էին ժամանել նաեւ... ԱՊՀ-ական մասշտաբով ամենաշատ ընթերցվող Սերգեյ Գալոյանի...գողական վեպերը սցենարի վերածելու համար: (Մերձակա արտասահմանի երկրներից այդ գրքերը ձեռք բերելու համար նույնիսկ Արտեմից-մեր լեզուն ու մեր խոսքն են սովորել): Միկելե Պլաչիդոն էլ Գալոյանի գրքերից մեկն այնքան շատ է հավանել, որ ուզում է նրա «զակոննի գող» հերոսի դերը... խաղալ, դատախազի դերում էլ հրավիրելով... մեր Աղվան Հովսեփյանին (իտալացիները առայժմ շուրջպար պարել չգիտեն, գլխավոր դատախազին լրացուցիչ հոգս են պատճառելու): ՀՀ մշակույթի պատասխանատուների հետ ունեցած հանդիպման ժամանակ իտալացի հյուրերը խնդիրը հստակ էին դրել. «Դուք մեզ «մաֆիա» անել սովորեցրե՛ք, մենք ձեզՙ հեռուստասերիալ բեմադրել: Յուրաքանչյուր հայ Պլաչիդոյի «Սպրուտը» առնվազն մի քանի անգամ հաստատ տեսած կլինի):
Ինչպե՞ս թեՙ սպորտը առնվազն մի քանի անգամ տեսած կլինի: Բա մեր խաղերը քանի՞ անգամ կլինի տեսած: Հապա եկե՛ք, մեր խաղերը տեսե՛ք. ի՜նչ «Միլան» ու «Յուվենտուս»,- իտալացի ու հայ հեռուստասերիալների խաղերն ընդհատեցին մեր ֆուտբոլի հավաքականի տղաները: - Մենք նույնիսկ մեկի փոխարեն երկու թեկնածու ունենք Գիտնեսի տեղի համարՙ մեր ֆեդերացիան եւ Սուրեն Բաղդասարյանը: Միայն թե դեռ չենք կարողանում կողմնորոշվել, թե նախապատվությունը ում տանք. մի կողմից ֆեդերացիայի ջանքերով ենք դասակարգման ցուցակում ադրբեջանցիներից առաջ անցել ու հասել 120-րդին, մյուս կողմում էլ մեր Սուրենն էՙ միակ ֆուտբոլային մեկնաբանը, որը գիտի, թե ֆուտբոլը... կաշվե գնդակով ու հատուկ կոշիկ հագած... ոտքով են խաղում:
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ
Thursday, March 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment