Saturday, March 14, 2009

Ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

«Ազատություն» 13-3-2009- Այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախասրահում բուհի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Բրյուսովի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել «Միասին» երիտասարդական նախաձեռնության գրասենյակի դիմաց` պահանջելով փաստեր եւ ապացույցներ ներկայացնել նախաձեռնության կողմից իրականացվող «Կաշառակեր դասախոսներ» ակցիայի շրջանակներում կազմակերպության կողմից կաշառառության մեջ մեղադրվող դասախոսների վերաբերյալ: Ակցիայից հետո ուսանողները երթով շարժվեցին դեպի համալսարան: Երթը լուսաբանող մի խումբ լրագրողներ ցանկացան հանդիպել համալսարանի ղեկավարությանը, սակայն համալսարանի նախասրահում անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողների մուտքը` հայտարարելով, թե ներս թողնելու հրահանգ չունեն: Այնուհետեւ, վեճ սկսվեց անվտանգության աշխատակիցների եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջեւ, ով ուսանողների խմբի հետ անցակետը անցել եւ հայտնվել էր համալսարանի նախասրահում: Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրվեց` ֆոտոլրագրողին գցեցին գետնին եւ սկսեցին ոտքով հարվածներ հասցրել որովայնին: «Անվտանգության աշխատակիցը հարցրեց` դու ոնց ես բարձրացել վերեւ: Ասացի` լավ եմ արել, ու նա ագրեսիվ հարձակվեց վրաս: Ընկա գետնին, այդ ընթացքում էլի սկսեց հարվածել ոտքով: Իր ընկերը եկավ ու սկսեց օգնել: Պառկել էի: Ոտքերով ես էլ իրենց էի խփում, պաշտպանվում էի», - պատմեց լրագրողը: Շամշյանը դեպքի վայրից եկել էր մոտակայքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, որտեղ, ժամը 13:00-ի սահմաններում, պարզվեց, որ ֆոտոլրագրողի որովայնի շրջանում արյունահոսություն է սկսվել: Դեպքի մասին անմիջապես տեղյակ պահվեցին ոստիկանությունը եւ Շտապօգնության ծառայությանը: Շտապօգնության բժշկուհին վիճակը գնահատեց միջին ծանրության: Գագիկ Շամշյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ոստիկանության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, պարզվել է, որ Գագիկ Շամշյանին մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ¬ի աշխատակից Կարեն Միրիջանյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Կատարվում է հետաքննություն: Համալսարանի ղեկավարությունը եւ անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվեցին դեպքի առիթով որեւէ մեկնաբանություն տալ: Միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ եւս մեկ անգամ փաստում է հասարակությունում անհանդուրժողականության, որպես մշակույթ արմատավորվելը: Դրա պատճառն է նախկինում նման դեպքերի անպատժելիությունը: Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում: Միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել նաեւ լրագրողական եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, որտեղ, մասնավորապես, ասվում է. - «Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է ծագել կոնֆլիկտը լրագրողի եւ համալսարանի ներքին անվտանգության աշխատակիցների միջեւ, դաժանությունը, որ դրսեւորել են վերջիններս, որեւէ արդարացում չի կարող ունենալ»: Հասմիկ Սմբատյան

No comments: