Wednesday, March 25, 2009

ՄԻԱՅՆ ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» 24-3-2009- «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, «Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը, «Ջավախք» ժողովրդավարական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն ու Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյանը` անդրադառնալով Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների ակտիվացմանն ու հասարակական-քաղաքական քննարկումներին` միասին ընդունած իրենց հայտարարության մեջ նկատում են, որ ինչ-որ ուժերից ուղղորդվող մարդիկ կազմակերպված ձեւով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել Ջավախքում գոյություն ունեցող բուն հիմնախնդիրներից: Նրանք փաստում են, որ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները մշտապես քննարկել եւ բազմիցս Վրաստանի կենտրոնական իշխանությանն են ներկայացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված հայ ազգաբնակչության հետագա գոյատեւումը Ջավախքում եւ հայ-վրացական բարեկամության ամրապնդումը: Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները կենսական նշանակության խնդիր են համարում տեղական իշխանության մարմիններին ավելի լայն լիազորություններով օժտելը, վրաց լեզվին զուգահեռ հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելը: Հասարակական գործիչները բացառում են Ջավախք-Հայաստան բազմակողմանի կապերին միտումնավոր խոչընդոտելու քաղաքականությունը, տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումներն ու հալածանքները: Նրանք նաեւ առաջարկում են տարածաշրջանում մշակել եւ իրագործել հայկական ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներ, մշակել օրենսդրական փաթեթ, որը կնպաստի Ջավախքում ներդրումային ու հումանիտար քաղաքականությանը: Հասարակական գործիչները նկատում են, որ եթե վերոնշյալ խնդիրները չլուծվեն, ապա Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն: «Իսկական հայ-վրացական բարեկամություն կհաստատվի միայն բարձրացրած խնդիրների լուծմամբ: Իսկ այդ խնդիրների լուծման ուղղությամբ համընկնում են Հայաստանի եւ Վրաստանի պետական շահերը», եզրակացնում է հայտարարությունը:

No comments: