
/PanARMENIAN.Net/ 20.03.2009 - «Արդյո՞ք ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կկատարի Օսմանյան կայսրության հայերի ջարդերը «ցեղասպանություն» ճանաչելու իր նախընտրական խոստումը»,- հարց է տալիս Washnigton Post-ը: «Հնարավոր է, Օբամայի խոստումը մի միջոց էր ՄակՔեյնի դեմ պայքարում, որը հայերին վանեց իրենից` հայտարարելով, որ ժամանակակից Թուրքիային կատարվածում մեղադրելն անարդարացի է: Բայց այժմ, երբ Օբաման նախագահ է դարձել, նրա դիրքորոշումը բարդացնում է Թուրքիայի հետ հարաբերությունները»,- գրում է Գլենն Կեսսլերը:
Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել մի բանաձեւ, որը նախագահին կոչ է անում հրապարակավ ճանաչել ցեղասպանության փաստը: Բանաձեւի հեղինակի` դեմոկրատ Ադամ Շիֆֆերի ընտրաշրջանում բնակվում է ԱՄՆ ամենախոշոր հայկական համայնքը, նշում է թերթը:
Դրա հետ մեկտեղ, ամերիկա-թուրքական հարաբերությունները վերելք են ապրում այն գժտություններից հետո, որոնք տեղ գտան Իրաք ներխուժելուց հետո, պարզաբանում է հրատարակությունը: Թուրքիայի վարչապետ Էրդողանի խորհրդական Ահմետ Դավութօղլուն ընդգծել է, որ Ստամբուլի ու Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորվում են, բայց ցեղասպանության մասին ԱՄՆ բանաձեւերը գործընթացը անցյալ կմղեն: Վարչակազմը ստիպված կլինի որոշել, թե ինչն է ավելի կարեւոր` Թուրքիայի հետ բարեկամությու՞նը, թե՞ ամերիկյան հայերի հույսերը, ընդգծում է Washnigton Post-ը:
No comments:
Post a Comment