Tuesday, April 21, 2009

ԱՄՆ-Ի 4-ՐԴ ԲԱԶԱՆ ՏԵՂԱԿԱՅՎԵԼՈՒ Է ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ

Եթե Սաակաշվիլին հեռանա, դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, դրանց առնչվող հնարավոր արտաքին ազդեցությունները մեկնաբանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
- Պարոն Մուրադյան, օրերս Վրաստանում էիք: Ինչպես հայտնի է, Վրաստանի ընդդիմությունը սկսել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գործընթաց: Որքանո՞վ է հավանական, որ ընդդիմությունն իսկապես հաջողության կհասնի: - Սկսենք նրանից, որ ընդդիմության գործողությունների միայն առաջին փուլը կարելի է ավարտված համարել: Ընդդիմությունն այս պահին կենտրոնացած է ոչ թե գլոբալ քաղաքական հարցերի, այլ բողոքի ակցիաների տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ըստ այդմ էլ, եթե ամփոփելու լինենք գործողությունների այս առաջին փուլը, վրացական ընդդիմությունն ի սկզբանե անվստահ էր գործում: Փետրվար ամսից սկսած, երբ ՙՀանուն Վրաստանի դաշինքի՚ շրջանակներում կայացվեցին զանգվածային բողոքի գործողությունների անցնելու մասին առաջին որոշումները, ընդդիմությունը, հատկապես նրա ղեկավար վերնախավը, բոլորովին էլ վստահ չէր իր գործողություններում: - Որովհետև Սաակաշվիլու իշխանության ժամանակահատվածում Վրաստանում, այնուհանդերձ, դրական փոփոխություններ եղել են: Կարգ ու կանոն է հաստատվել վարչական ոլորտում, տնտեսական դաշտում, այլ բնագավառներում, և բնակչության հիմնական դժգոհությունն իշխանությունից այսօր պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով: Բայց այդ հարցը հիմնավորապես լուծելու համար Վրաստանը չունի բավարար ռեսուրսներ, անհրաժեշտ է երկար ժամանակ: Այսինքն` որևէ այլ իշխանություն այդ առումով ավելի մեծ ձեռքբերումների չէր հասնի, քան այսօրվա ռեժիմը: - Բացի այդ, նկատի ունենանք, որ կոռուպցիայի դեմ բավականին հաջողված պայքար կա այս վարչախմբի օրոք: - Կոռուպցիա Վրաստանում այսօր էլ գոյություն ունի, ոչ փոքր ծավալներով, բայց միաժամանակ այն անհամեմատելի է Շևարդնաձեի ժամանակների հետ: Այն տարիներին վարչարարություն ընդհանրապես չկար: Սա նկատի ունենալով` բնակչության զգալի մի զանգված նաև մտածում է, թե արժե՞ արդյոք մասնակցել բողոքի ակցիաներին ու դրանով վտանգել թեկուզ և համեստ, բայց իրական, շոշափելի այն ձեռքբերումներն ու արդյունքները, որոնք առկա են այսօրվա իշխանության գործունեության շնորհիվ: - ՈՒզում եք ասել, որ վրաց-ռուսական պատերազմի հետևանքներն անգամ չե՞ն ազդում բնակչության տրամադրությունների վրա: - Նախորդ անգամ, երբ Թբիլիսիում էի, իսկապես այդպես էր: Գրեթե բոլորը, ում հետ առիթ եմ ունեցել շփվելու, վրաց-ռուսական պատերազմի հետևանքները համարում էին Սաակաշվիլու հեռացման համար ամենակարևոր պատճառը: Այս անգամ այնպիսի զգացողություն կար, որ այդ պրոբլեմը նախկին սրությամբ չի կարևորվում քաղաքական գործիչների, փորձագիտական շրջանակների և, առհասարակ, հասարակության կողմից: Այսինքն` այդ հարցը նախկին հրատապությունը չունի, նաև ընդդիմությունը չի փորձում այն դարձնել հասարակական քննարկման առարկա և շոշափել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հետ կապված խնդիրները: Որովհետև ընդդիմությունն էլ դրանց պատասխանը չունի: Այդ պատճառով էլ վրաց-ռուսական պատերազմի թեման կորցրել է հասարակական հրատապությունը, ինչը, ի դեպ, շատ հետաքրքիր երևույթ է: - Ի՞նչ շարունակություն կունենա Սաակաշվիլուն հրաժարեցնելու գործընթացը: - Ինչպես նշեցի, ընդդիմության գործողությունների առաջին փուլի ՙպիկն՚ արդեն անցած է: Հիմա դադարի պահ է, և գոնե ինձ համար պարզ է մի բան: Վստահ չեմ, թե Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետները կամ հասարակությունն առհասարակ հրապարակավ երբևէ կխոստովանեն դա, բայց ակնհայտ է, որ Սաակաշվիլին ունի բոլոր ֆորմալ ու փաստացի ռեսուրսներն իշխանությունը պահելու համար: Իմանալով ԱՄՆ-ից Վրաստանի կախվածությունը, մենք իրականում չենք պատկերացնում, թե որքան մեծ է այն: Հետևաբար, եթե Սաակաշվիլին հեռանա, ապա դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ: - Իսկ ԱՄՆ-ն այդպիսի ցանկություն ունի՞: - Վրաստանի ընդդիմության գործողություններն իրականում ծառայում են որպես ֆոն, որպեսզի ամերիկացիները կարողանան այդպիսի որոշում ընդունել: Իրավիճակն իսկապես բարդ է, որովհետև ԱՄՆ-ի համար այլևս հնարավոր չէ գործընկեր դիտարկել մի մարդու, որը ոչ մի կերպ ներգրավված չէ նաև այլ քաղաքական բեմահարթակներում` եվրասիական, իսլամական և ամենակարևորը` եվրոպական: Սակայն ամերիկացիները բարդ ընտրության առջև են, որովհետև միաժամանակ հասկացել են` ներկայիս վրացական ընդդիմությունն իրենից ներկայացնում է բոլորովին էլ ոչ միանշանակ կողմնորոշում ունեցող, բազմաշերտ մի համախումբ: Այնտեղ տարբեր մարդիկ են ընդգրկված, տարբեր քաղաքական ուժեր, մեծ է փոխադարձ անվստահությունն ընդդիմադիր ուժերի միջև, ինչն առավել ցայտուն է դրսևորվում ընդդիմադիր կուսակցությունների միջին օղակների հարաբերություններում: Ըստ այդմ, կա ոչ անհիմն մտահոգություն, որ այդ խմբավորումն իշխանության գալով չի կարող կառավարել երկիրը: Այսինքն, բոլորովին էլ միանշանակ չէ, որ ընդդիմության իշխանության գալու պարագայում կարգ ու կանոնը երկրի ներսում կպահպանվի, և ԱՄՆ-ի, առհասարակ, արևմտյան հանրության հետ հաստատված խաղի կանոնները փոփոխության չեն ենթարկվի: Չկա երաշխիք, որ ընդդիմության իշխանության գալը հետագայում չի հանգեցնի ռազմական, պետական հեղա-շրջման, ինչը նույնպես անհիմն մտավախություն չէ: Ես տպավորություն ունեմ, որ ամենաիդեալական տարբերակը կլիներ, եթե Սաակաշվիլին հեռանար, սակայն իր պաշտոնում մնար Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Նկատի ունենանք, որ Վրաստանում ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համախմբված են ՆԳՆ-ում: Այդ դեպքում ամերիկացիների համար շատ ավելի հեշտ կլիներ Սաակաշվիլու վերաբերյալ որոշում կայացնելը: Բայց ընդդիմությունը նույնիսկ տեսականորեն բացառում է Մերաբիշվիլու մնալն իշխանության մեջ: Եթե ամերիկացիները կարողանային ընդդիմությանը համոզել, որ Մերաբիշվիլին պետք է մնա, միգուցե և Սաակաշվիլու հեռացումը հնարավոր կլիներ: Բայց սա, իհարկե, շատ ֆանտաստիկ սցենար է: - Բայց ինչո՞ւ է այդքան կարևոր Մերաբիշվիլու մնալ-չմնալը: - Որովհետև ԱՄՆ-ի համար պետք է հասկանալի լինի, թե իշխանափոխության գործընթացում և նրանից հետո ով է վերահսկելու իրավիճակը: ԱՄՆ-ը բոլորովին էլ խաչ չի քաշել Վրաստանի վրա, ովքեր նման մտայնություն ունեն, պարզապես թյուրիմացության մեջ են: Վրաստանը մնում է ԱՄՆ-ի համար իբրև կարևոր գեոռազմավարական շահերի գոտի: Այնտեղ նախատեսվում է ամերիկյան ռազմաբազաների տեղակայում: Սկզբում խոսվում էր երեք բազաների մասին` Փոթիում, Գորիում, Մառնեուլում, այժմ խոսակցություններ կան, որ 4-րդ բազան տեղակայվելու է Ախալքալաքում: Դրանք լինելու են առաջնային բազավորման հենակետեր, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Վրաստանը լինի կայուն ու կառավարելի երկիր: Այսինքն` պրոբլեմը Սաակաշվիլին չէ, այլ այն, որ չկա վստահություն, թե վրացական ներկա ընդդիմությունն իշխանության գալով կկարողանա վերահսկել ու կառավարել իրավիճակը, եթե Սաակաշվիլին և նրա հետ Մերաբիշվիլին հեռանան: Այսօր գործնականում Վանո Մերաբիշվիլին է վերահսկում իրավիճակը երկրում: - Ի՞նչն է պատճառը, որ այսօրվա ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիան, ում համարում են Սաակաշվիլու ամենահավանական փոխանորդը, չի փորձում համաձայնության գալ Մերաբիշվիլու հետ, երաշխիքներ տալ, որ նա պաշտոնը կպահպանի իշխանափոխությունից հետո: - Որովհետև ընդդիմությունը չի ուզում իր գործունեության մեջ հենվել արտաքին ազդակների վրա: Նրանք փորձում են հրապարակ հանել ներքին խնդիրները և այդ միջոցով հասնել Սաակաշվիլու հեռացմանը: Առանց այդ էլ պարզ է, որ արտաքին քաղաքականությունն ընդդիմության իշխանության գալու դեպքում մեծ փոփոխության չի ենթարկվի: Բայց Մերաբիշվիլուն թողնել ՆԳՆ ղեկավարի պաշտոնում կնշանակեր անուղղակիորեն ընդունել, որ գործող իշխանությունը, այսինքն` Սաակաշվիլին, շատ հարցերում ճիշտ քաղաքականություն է վարել: Այդ դեպքում հեղափոխությունն ինչի՞ համար է: - Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կկարողանա՞ մինչև տարեվերջ Սաակաշվիլուն հեռացնել իշխանությունից: - Կարծում եմ, որ Սաակաշվիլին հազիվ թե իշխանության գլուխ մնա մինչև 2013 թվականը: Պարզապես ամերիկացիները չեն ցանկանում նրան հեռացնել ճգնաժամի պայմաններում: Մյուս կողմից էլ, ընդդիմության գործողությունները ցույց են տալիս, որ բողոքական զանգվածի ծավալները Վրաստանում այնպիսին չեն, որ հնարավոր լիներ բացառապես այդ լծակով լուծել խնդիրը: Միլիոնանոց քաղաքում միշտ էլ կարելի է ցույցի հավաքել 150 հազար մարդու: Այս իրավիճակում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ մեծ նշանակություն ունեն նաև եվրոպացիների հետ կապված ամերիկյան “ֆոբիաները”: Ռուսաստանի առնչությամբ Վաշինգտոնում մտահոգություններ չունեն: Այնտեղ շատ լավ գիտակցում են, որ եթե անգամ ռուս-վրացական ներկայիս թշնամական հարաբերություններում տեղի ունենա որոշակի մեղմացում, Վրաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Սակայն ամերիկացիներին մտահոգում է Եվրամիության կողմից իրականացվող ճնշումն Արևելյան Եվրոպայում, քանի որ կա վտանգ, թե Վրաստանը կհայտնվի եվրոպական ազդեցության ուղեծրում: Վրաստանում ակնհայտորեն եվրոպական որոշ նախագծեր իրականացվում են հենց ՙՀանուն Վրաստանի դաշինքի՚ կազմում գործող ընդդիմադիրների միջոցով: Այնտեղ կան մարդիկ, որոնք ունեն եվրոպական կողմնորոշում: - Սալոմե Զուրաբիշվիլի՞ն: - Այո, բայց ոչ միայն նա: Վրաստանի քաղաքական վերնախավը, փորձագիտական հանրությունը հասկացել են, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը լավ է, բայց անհրաժեշտ է ունենալ երկրորդ հենման կետ: Ինչքան էլ Վրաստանում խոսեն երկրի արևմտյան կողմնորոշման մասին, այդ կողմնորոշումը մինչ օրս եղել է ամերիկամետ: Այսինքն` Եվրամիության ներգրավմամբ անհրաժեշտ է այդ բացը լրացնել: - Ճի՞շտ է, թե իբր անցած տարվա օգոստոսին, ռուս-վրացական պատերազմից հետո կարգավորման բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի նախագահը խոստացել է Ռուսաստանի նախագահին, որ Սաակաշվիլին ամենամոտ ժամկետում կհեռացվի պաշտոնից: - Վրացական փորձագետներից շատերն են պնդում, որ Մեդվեդև-Սարկոզի բանակցությունների ժամանակ և կարգավորման հայտնի պլանը ձևավորելիս Ֆրանսիայի նախագահը ռուսներին տվել է այդպիսի խոստում: Վրացական ընդդիմությունն այս կապակցությամբ բավականին մեծ հույսեր ունի: - Սակայն Սարկոզին նման խոստում տվել է Ֆրանսիայի՞, Եվրամիությա՞ն, թե՞ ամբողջ Արևմուտքի անունից: - Դժվար է ասել: Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Ջորջ Բուշն էր և, ըստ այդմ, հազիվ թե ամերիկացիները հստակ համաձայնություն տված լինեին այդ նախաձեռնությանը: Բայց միաժամանակ չմոռանանք, որ 2008-ի օգոստոսին իրավիճակն այնքան լարված էր, որ շփումներն ու խորհրդատվությունները մշտական ու ակտիվ բնույթ ունեին: Մյուս կողմից էլ, Սարկոզին այդ գործընթացում մենակ չէր և իր թիկունքում ուներ Գերմանիայի միանշանակ աջակցությունը: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն էլ այդ փուլում սպասողական էր: Լոնդոնը նույնիսկ ստիպված եղավ համաձայնել ֆրանսիացիների ու գերմանացիների հետ, որպեսզի հակամարտությունն ավելի լայն ծավալներ չստանա: Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան այն ժամանակ դրական դեր խաղաց ամերիկացիներին զսպելու առումով: Դրա արդյունքում եվրոպացիների քաղաքականության առջև մեծ արգելքներ չդրվեցին: Իհարկե, ամեն ինչից բացի, Ֆրանսիայի նախագահին էլ անհրաժեշտ էր դրսևորել իրեն իբրև Եվրոպայի ղեկավար, ազդեցիկ ուժային կենտրոնի ներկայացուցիչ և խլել նախաձեռնությունն ամերիկացիներից ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացում: - Վերջնական ի՞նչ հանգուցալուծում է սպասվում Վրաստանում և ինչպիսի՞ն է այն լինելու: - Ամերիկացիները Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու քայլին կդիմեն, բայց միայն ավելի հանգիստ իրավիճակում: Նրանք կսպասեն մինչև իրադրությունը հանդարտվի և գոնե արտաքուստ ստեղծվի այն տպավորությունը, թե ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում անկում է ապրել, և իրավիճակը կայունացել է: Վաշինգտոնում պարզապես չեն կարող թույլ տալ, որ Սաակաշվիլին իշխանությունից հեռացվի ճգնաժամի փուլում, որովհետև դա կընկալվի իբրև ԱՄՆ-ի քաղաքականության տապալում: Իհարկե, Սաակաշվիլին ավելի շատ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի գործընկերն էր, Բուշի և Մակքեյնի ընկերը: Բայց, ինչպես տեսնում ենք, երկրի հեղինակությունն այնքան կարևոր է, որ Բարաք Օբաման էլ չի անտեսում այս հանգամանքը: Ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ բավականին բարդ է լինելու Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գործընթացում իսկապես սահուն անցում ապահովելը, բայց դա անհրաժեշտ է իրենց պետության հեղինակությունը պահպանելու համար: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սաակաշվիլին իշխանության գլուխ չի մնա առանց ԱՄՆ-ի աջակցության: Վրաստանի ընտրած անկախ արտաքին քաղաքականության ու զարգացման մոդելի արդյունքը սա է:
Lragir 21-4-2009- Զրուցեց ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

No comments: