Thursday, April 16, 2009

«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-ից 19-ը

HayInfo 15-4-2009- «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-ից 19-ը, տեղեկացրել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից։ Վեցերորդ «Ոսկե Ծիրան»-ը կպահպանի արդեն մշակված ձևաչափը. փառատոնը կունենա 3 հիմնական ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական, ինչպես նաև Հայկական համայնապատկեր մրցույթները: Մրցութային ծրագրերի համար հայտերի ընդունումը սկսվել է հունվարից, վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Փառատոնի կազմակերպիչները ֆիլմեր դիտել, ընտրել և հրավիրել են` մասնակցելով միջազգային այնպիսի հեղինակավոր փառատոների, ինչպիսիք են Ռոտերդամինը կամ Բեռլինինը։ Մինչև օրս ստացվել են շուրջ 300 ֆիլմեր 60 երկրներից: Այս տարի 3-րդ անգամ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-16-ը կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ունի խթանել համատեղ ֆիլմարտադրությունը: «Ոսկե Ծիրան»-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի եվրոպական կինոյին. փառատոնը շարունակում է համագործացկել Յունիֆրանս միջազգային ցանցի, Գյոթե ինստիտուտի և մի քանի այլ կառույցների հետ, որոնք ամեն տարի տրամադրում են լավագույն եվրոպական ֆիլմերը: 2009 թ.-ին հատուկ ուշադրության կարժանանա լեհական կինոն, որը մեծ վերելք է ապրում վերջին տարիներին: Արևելք-արևմուտք հավասարակշռության պահպանման համար այս տարի նույնպես կկայանա «Արաբական գիշերներ» կինոծրագիրը, որն անցյալ տարի մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Տեղի կունենան մի շարք հետահայաց ցուցադրություններ։ Մի շարք հոբելյանների առթիվ մեկական երեկո կնվիրվի հայ կինոյում իրենց հետքը թողած գործիչների` Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի` 80-ամյա և Ներսես Հովհաննիսյանի 70-ամյա հոբելյաններին։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կպահպանի նաև վարպեության դասեր անցկացնելու բարի ավանդույթը:

No comments: