Monday, April 20, 2009

Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 6.1%

Tert.am-20-4-2009- Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության աճը կազմել է 93.9%, ինչը նշանակում է, որ արձանագրվել է տնտեսության անկում 6.1%-ով։ Այդ մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած հաղորդագրությունը։ Անկում են ապրել տնտեսության բոլոր հիմնական ոլորտները, բացի մանրածախ առևտրի շրջանառությունից, որը կազմել է 192.9 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով արձանագրելով 3.9% աճ։ Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարության ոլորտում` 21.9% (ծավալը` 40.1 մլրդ դրամ)։ Արդյունաբերության ոլորտը անկում է ապրել 9.5%-ով (ծավալը` 133.1 մլրդ դրամ), որից միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16.2%-ով (ծավալը` 1.4 մլրդ դրամ)։ Գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5.1% (ծավալը` 39.6 մլրդ դրամ), իսկ ծառայություններինը` (առանց մանրածախ առևտրի) 0.7%-ով (ծավալը` 157.5 մլրդ դրամ)։ Գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2%, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ` 0.7%։ Ապրանքների թանկացումը փաստող այս ցուցանիշները բավական տարօրիակ են, եթե հաշվի առնենք, թե «սև երեքշաբթի» անունը ստացած մարտի 3-ին դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում ինչպիսի թանկացումներ տեղի ունեցան հատկապես սպառողական ապրանքների շուկայում։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը մարտի վերջին կազմել է 78.7 հազար, ինչը նշանակում է, որ գործազրկությունը տարեկան կտրվածքով աճել է 5.3%-ով։ Բայց հիշեցնենք, որ սրանք պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշներն են, և չեն արտացոլում իրական պատկերը։ Միջին անվանական (առանց գնաճի գործոնը հաշվի առնելու) աշխատավարձը կազմել է 97899 դրամ, ինչը տարեկան կտրվածքով 16.4%-ով աճ է նշանակում։ Բավական տխուր պատկեր է ստացվում արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների վերլուծության արդյունքում. ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 27.7%-ով` կազմելով 782 մլն դոլար։ Ընդ որում, 47.3%-ով նվազել է արտահանումը` կազմելով 123.4 մլն դոլար և 22.2%-ով` ներմուծումը` կազմելով 658.5 մլն դոլար։ Այսպիսով առաջին երեք ամիսների տվյալներով ներմուծումը գերազանցում է արտահանմանը ավելի քան 5.3 անգամ, ինչը աննախադեպ ցուցանիշ է, և վկայում է առևտրային հաշվեկշռի վիճակի վատթարացման մասին։ Ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ արտասահմանից ստացվող տրանսֆերտների կտրուկ անկման վտանգ կա (հունվար-փետրվար ամիսներին արդեն գրանցվել է 25-30% տարեկան անկում), առևտրային հաշվեկշռի վատթարացումը կարող է առաջացնել հայկական դրամի հետագա արժեզրկման լուրջ ռիսկեր։ Պետք է փաստել, որ տարեկան կտրվածքով 6.1% տնտեսական անկումն աննախադեպ է 1993թ.-ից ի վեր։ Միևնույն ժամանակ, եթե հաշվի առնենք, որ անցյալ տարին մեր տնտեսությունն ավարտեց 6.8% աճով, իսկ այս տարվա հունվարին գրանցվեց տարեկան կտրվածքով 0.7%, փետրվարին` 3.7%, իսկ մարտին արդեն 6.1% անկում, ապա կառավարության կողմից հնչեցվող հնարավոր 4.5% տնտեսական անկման ցուցանիշի մասին հայտարարությունները, որը կարող է գրանցվել գոյություն ունեցող սցենարներից վատագույնի դեպքում, հնչում է չափազանց անիրատեսական։

No comments: