Thursday, April 16, 2009

Կարեն Դեմիրճյանը կդառնար 77 տարեկան

A1+ 16-4-2009- Արդեն 10-րդ անգամ Կարեն Դեմիրճյանի հարազատները նրա ծննդյան օրը կնշեն առանց հոբելյարի: Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանը կդառնար 77 տարեկան: Նրա հիշատակը հարգելու միակ ձեւը թերեւս այդ օրը Կոմիտասի անվան Պանթեոն այցելելն է, ինչը եւ անում են նրա հարազատները, մտերիմները, երեւանցիները, գրեթե ողջ հասարակությունը, ում համար թանկ է «Կարեն Շինարարի» հիշատակը: Այսպես էր անվանում նրան ժողովուրդը, որովհետեւ Հայաստանի կայացման եւ զարգացման ամենավառ շրջանում երկիրը ղեկավարում էր Կարեն Դեմիրճյանը: Նրա ծննդյան 75 ամյակը նշելու կապակցությամբ պետական հանձնաժողով ստեղծվեց, որ եւ նրա արձանի կառուցման մրցույթ հայտարարեց: Երկու տարի անցել է, սակայն արձանը Մաշտոցի պողոտայում դեռեւս կանգնեցված չէ: "Մրցույթ անցկացրին, հետո ինչ-որ բան չստացվեց եւ անորոշ ժամանակով արձանի տեղադրումը հետաձգվեց: Բայց որ նայում ենք քաղաքում արձաններն ինչ արագությամբ են տեղադրվում, նույնիսկ կենդանի մարդկանց արձանները, Կարեն Սերոբովիչի արձանի տեղադրման ձգձգումը չեմ կարծում թե օբյեկտիվ պատճառ ունի",-"Ա1+"-ի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը: Իսկ Թանգարանի դիմաց տեղադրվելու է բարձրաքանդակ, որը պատրաստ է, ուղղակի տեխնիկական պատճառներով ձգձգվեց, "մոտ 1 ամսից այն կտեղադրվի",-խոստանում է տնօրենը: Թանգարանը բարձրաստիճան պաշտոնյա այցելուներ չի ունեցել, հիմնականում Կարեն Դեմիրճյանի թանգարան են հաճախում դպրոցականները, ուսանողները: "Այս թանգարանի վրա ԱԺ-ը հատուկ ուշադրություն պետք է դարձներ, ԱԺ-ի զոհված նախագահի թանգարան այցելությունը նույնիսկ պետք է իրենց արարողակարգերի մեջ մտցվեր, պատվիրակություններ են ընդունում, ես չեմ ասում շատ բարձրաստիճան հյուրերի, բայց պատվիրակության շարքային անդամներին կարող են բերել թանգարան: Այդպիսի վերաբերմունքից էլ ծայր կառնի հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը թանգարանի նկատմամբ",-ասում է Վահագն Մամյանը:

No comments: