Friday, April 10, 2009

Հայ ազգային կոնգրեսն անդրադարձել է ապրիլի 8-ի դեպքերին

Tert.am. 9-4-2009- Ապրիլի 7-ին և 8-ին Հյուսիսային պողոտայի` ոստիկանների կողմից արգելափակման փաստին և դրան հետևած իրադարձություններին է անդրադարձել Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ ասված է. «Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, սարսափած հասարակական համատարած անվստահության մթնոլորտից, անհանգստացած նորանոր սոցիալական խմբերի մեջ օր-օրի մեծացող դժգհությունից, վարչախումբը որոշել է ժամկետից մոտ մեկ ամիս առաջ սկսել իր թեկնածուի նախընտրական միջոցառումները։ Այդ շրջանակներում ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության օրը ոստիկանական շարասյունը անմիջապես հարձակվեցին Հյուսիսային պողոտայում ամեն օր «քաղաքական զբոսանքի» եկած մարդկանց վրա, երբ նրանք տոնի առիթով փուչիկներ թողեցին երկինք «Ազատ, անկախ Հայաստան» վտանգավոր կարգախոսով։ Պետականությանը և կայունությանը սպառնացող ազատության և անկախության վտանգը կանխելու համար հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին նույն ոստիկանական շարասյուները ամուր փակել էին «Հյուսիսային պողոտան» երկու կողմից։ Չբավարարվելով դրանով ու կատարելով «վերևից» եկած հրահանգը` նրանք փորձեցին ցրել այստեղ հավաքված մարդկանց։ Որպես կանխարգելիչ միջոց, ինչպես մեկ տարի առաջ այս օրերին, նրանք ոստիկանութուն «բերման ենթարկեցին» 10 ակտիվիստների, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին։ Այս ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ «Ա1+» գործակալության լրագրող Դավիթ Ջալալյանը, որն ավելի ուշ հոսպիտալացվել է։ Զուգահեռաբառ կոպտորեն խոչընդոտվել են մի շարք այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։ Սակայն այս ամենի հետևանքը եղավ այն, որ կրկնապատկված քանակով «զբոսնողները» ամբողջ երեք ժամ տպավորիչ ցույցեր կազմակերպեցին Թումանյան, Տերյան, Սայաթ-Նովա փողոցներում՝ վանկարկելով Շարժման կարգախոսները, ինչին ոգեւորությամբ միանում էին անցորդները ու մեքենաների վարորդները։ Երբ վերջնականապես ակնհայտ դարձավ նախապես ծրագրված «միջոցառման» տապալումը, Կենտրոնի ոստիկանության բաժնում շուրջ երկու ժամ պահելուց հետո ազատ արձակեցին նաեւ այստեղ «բերման ենթարկվածներին՝ ներողություն խնդրելով «թյուրիմացության համար»։ Անցած մեկ տարվա ընթացքում սա տասնյակ փորձերից հերթականն էր՝ Հյուսիսային պողոտայի ամենօրյա «քաղաքական զբոսանքները» դադարեցնելու համար։ Այդ փորձերը տեղի են ունենում հատկապես այն ժամանակ, երբ վարչախումբը վախենում է ինչ որ բանից։ Եվ ամեն անգամ նման անհաջող փորձից հետո մարդկանց մեջ բնական մի մղումով մեծանում է երեկոյան այստեղ զբոսնելու անդիմադրելի ցանկությունը։ Հայ ազգային կոնգրեսը խորուրդ է տալիս իշխանություններին հաշտվել արդեն ավելի քան մեկ տարի քննություն բռնած իրողության հետ, իսկ հայրենի ոստիկաններին կոչ է անում չկատարել իրենց տրված ապօրինի, մարդու իրավունքները ոտնահարող հրահանգները»։

No comments: