
«Ազատություն» 10-4-2009- Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով է իր մեկամյա պաշտոնավարությունը եւ պատասխանելով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին, նախագահ Սերժ Սարգսյանը կասկածներ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման հնարավորության վերաբերյալ:
«Հիմա, իմ կարծիքով, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, եւ եթե խոսում ենք ֆուտբոլային դիվանագիտության մասին, պետք է ասենք, որ գնդակը հարատեւ չի կարող մի դաշտում գտնվել», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը, Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է հարաբերություններ սկսել առանց նախապայմանների:
«Հնարավո՞ր է արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինեինք, եւ հիմա թուրքերը այլ դիրքորոշում ընդունեն եւ փորձեն նախապայմաններ առաջադրել: Իհարկե, հնարավոր է: Այդպիսի բան չի կարելի 100 տոկոսով բացառել, բայց կարծում եմ, որ մենք նույնիսկ այդ պարագայում այդ պրոցեսից դուրս կգանք ավելի ուժեղացած», - ասաց Հայաստանի նախագահը:
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը գտնում է, որ նույնիսկ հայ-թուրքական բանակցությունների ձախողման պարագայում, Հայաստանը այս գործընթացից կշահի:
«Մենք այս պրոցեսով մեկ անգամ եւս ընդգծեցինք, եւ միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք իրոք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել», - պարզաբանեց նախագահը:
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ժամկետների վերաբերյալ Հայաստանի նախագահը ասաց. - «Ես մտածում եմ, որ Հայաստան - Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կամ կանցնեմ բաց սահմաններով, կամ էլ կլինենք դրա նախօրյակին: Բայց հնարավոր է, որ իմ լավատեսություն չարդարանա: Մենք սրանից չենք տուժելու»:
Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի պատասխանները չափազանց ժլատ էին:
Իսկ մայիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին ասվեց. - «Երբ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այդ հանդիպումը, մենք պատասխանեցինք, որ մենք դեմ չենք հանդիպմանը... Որեւէ նոր բան չկա, մենք շարունակելու են մեր բանակցությունները»:
Հնչեցին հարցեր նաեւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Նախագահը բացառեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո կկրկնվեն անցած տարվա մարտի 1-ի դեպքերը:
«Բացառում եմ: Եվ կարծում եմ, որ, ինչպես որոշ թերթեր են գրում` հունիսի 1 չի լինելու: Ավելի ճիշտ լինելու է, բայց լինելու է նորմալ եւ ոչ թե ողբերգական իրադարձություններով լի օր»:
Միաժամանակ, երկրի նախագահը չհամաձայնեց հարցի միջոցով հնչեցրած բնորոշմանը, թե երկրում կան ապօրինաբար ազատությունից զրկված անձինք, քաղբանտարկյալներ. - «Չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ այսօր մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ»:
Սերժ Սարգսյանը չբացառեց, որ կարող է համաներում հայտարարել:
«Ես չեմ բացառում, որ կարող է լինել համաներում: Բայց ես չեմ տեսել մի իշխանություն, որը նախօրոք հայտարարի, որ մի քանի օր հետո կամ մի շաբաթ հետո կամ մի ամիս հետո համաներում է հայտարարելու», - ասաց նա` հավելելով. - «Կգա ժամանակը` մենք կտեսնենք»:
Իսկ ժամանակը, ըստ նրա, «կգա», երբ ավարտվեն դատական գործընթացները:
Սերժ Սարգսյանը ասաց, որ պատրաստ է քննության առնել դատապարտյալների ցանկացած դիմում` հավելելով. - «Բայց ես պատրաստ չեմ միջամտելու դատաքննության գործընթացին»:
Դիտարկմանը, թե որեւէ ոստիկանի որեւէ մեղադրանք չի առաջադրվել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, եւ հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ նրանք միանգամայն անմեղ են, նախագահը արձագանքեց. - «Ես ասել եմ, որ մարտի 1-ի իրադարձություններում մեղք ունեն բոլորը: Եվ բոլորը ասելով, ես նկատի ունեի նաեւ, անշուշտ, ոստիկանական ուժերին»:
Կալանավորվածներ [iիրավապահներից], սակայն, չկան, որովհետու չկան «կոնկրետ փաստեր»:
«Մենք շատ ուրախ կլինեինք, եթե կոնկրետ, առարկայական այդպիսի փաստեր լինեին», - հավելեց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի համոզմամբ, նախագահական հաջորդ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան Սահմանադրությամբ ամրագրված ժամկետում: Չեն լինի, ըստ նրա, նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Կարինե Քալանթարյան
No comments:
Post a Comment