Wednesday, April 8, 2009

Բարաք Օբամայի ելույթը բավական անսպասելի էր թուրք պատգամավորների համար

/PanARMENIAN.Net/ 07.04.2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ վարչակազմի կոշտ դիրքորոշման մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: «Իր ելույթում Բարաք Օբաման ներկայացրեց Թուրքիայի դերը տարածաշրջանում, իսլամական աշխարհում, իսկ հետո կտրուկ անցավ հայկական հարցին: Ամերիկյան նախագահի ելույթը մի քանի անգամ ընդհատվեց ծափահարություններով: Բայց այն բանից հետո, երբ նախագահ Օբաման սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին, դահլիճում լռություն տիրեց: Թուրք պատգամավորների համար դա անակնկալ էր»,- նկատեց Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով, հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքին, որ Բարաք Օբաման Թուրքիային կոչ արեց հետեւել շատ երկրների օրինակին եւ դեմ առ դեմ կանգնել իր պատմությանը: «Իհարկե, ամերիկյան նախագահը ելույթի ժամանակ չարտասանեց «ցեղասպանություն» բառը, բայց կարեւոր է, որ նա շոշափեց այդ թեման: Բացի այդ, նա հաստատեց իր նախկին դիրքորոշումը Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հարցում»,- ընդգծեց Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալը: Ինչպես նշեց Սուրեն Մանուկյանը, Օբամայի ելույթից հետո Թուրքիայի մի քանի խոշոր քաղաքներում զանգվածային հակաամերիկյան ցույցեր տեղի ունեցան:

No comments: