Wednesday, April 8, 2009

Զատիկը հայերի համար յուրահատուկ տոն է և 1700-ամյա մշակույթի մի մասնիկը. նկարիչ

HayInfo.7-4-2009- Զատկի տոնը հայերի համար յուրահատուկ տոն է և 1700-ամյա մշակույթի մի մասնիկը, ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Ազգի մշակույթը, որ կուտակվել և ձևավորվել է 1700 տարիների ընթացքում, հասել է մեզ, և մենք պետք է այն վերականգնենք և պահպանենք, քանի որ պետք է իմանանք Աստծո պատվիրաններն ու Քրիստոսի ճշմարիտ խոսքը և հետևենք դրանց»,- ասաց նա երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։ Նկարչուհին ասաց, որ Զատիկը եկեղեցական խոշորագույն տոներից է, ունի տոնակատարության առանձնահատուկ, դարերի ընթացքում ձևավորված և Հայաստանի յուրաքանչյուր մարզի համար բացառիկ ավանդույթներ, այդ թվում՝ դա վերաբերում է հատուկ զարդարված Կենաց ծառին և ավանդական «Ակլատիս» և «Ուտիս տատ»կերպարներին։ Նա նշեց, որ տոնակատարության նախապատրաստությունը սկսվում է Մեծ Շաբաթից հետո, երբ Անդաստան եկեղեցական ծեսից (աշխարհի չորս մասերի օծում) հետո յուրաքանչյուր կին իր տանը սկսում է պատրաստվել տոնակատարությանը։ «Մեզ հասած հնագույն ավանդույթներից է նաև ավելի վաղ շրջանում օրացուցային նշանակություն ունեցող «Ակլատիս» տիկնիկը՝ զարդարված 49 քարերով և սոխով՝ խորհրդանշող տան և ընտանիքի հաջողությունը»։ «Ուտիս տատ» պատկերն օգտագործվել է նաև խոհանոցում որպես տանտիրուհու խորհրդանիշ, և ընդհանուր առմամբ, այդպիսի տիկնիկները, որոնք պետք է կարողանար պատրաստել յուրաքանչյուր հայ օրիորդ, նաև ունեին ազգային ոգով երեխաների դաստիարակման նպատակ»,- պարզաբանեց նկարչուհին։ Խոսելով տոնական ուտեստների մասին, որոնք ավանդաբար ընդունված էր պատրաստել հայկական ընտանիքներում Զատկին՝ Ագուլեցին ասաց, որ տոնական սեղանին անպայման պետք է լինի նվիկ կամ Սպիտակ բանջար, քանի որ, ըստ ավանդության, Տիրամայրը խանձարարուրել է Քրիստոսին այդ բույսի տերևներով։ «Բացի այդ, այդ օրը հայ տանտիրուհիները հրամցնում են Կուտապ՝ խորոված կանաչով կամ տապակած սոխով լոբով խմոր, գաթա (խմորեղենի տեսակ՝ տարբեր լցոնով), կանաչու տարբեր տեսակներ, պարտադիր կարգով՝ ձուկ՝ այդ օրվա խորհրդանիշը, փլավ՝ չորացրած ծիրանով, սալորով և չամիչով»,- թվարկեց նա։ Նկարչուհու խոսքերով, զատկի ձվերը ներկում են շաբաթ երեկոյան, ընդ որում՝ դրանք ներկում են միայն կարմիր գույնով, որը Քրիստոսի խորհրդանիշն է, իսկ ձվերի ներկելն այլ գույներով ընդունված է եղել Իրանում որպես գարնանամուտի խորհրդանիշ։ Միաժամանակ Ագուլեցին ավելացրեց, որ ավանդաբար հայ կանայք պետք է իրենց սեփական ձեռքերով պատրաստեն կամ կապեն գոնե մեկ դեկորատիվ ձու, որը կախվում է զատկի Կենաց ծառից։

No comments: