Saturday, April 4, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՒՑ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԻՉ ԲԱՆ Է ՇԱՀՈՒՄ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը քննարկում է Ադրբեջանի կառավարության ձեռնարկած քայլերըՙ սիրաշահելու ամերիկացի քաղաքագետների եւ վարկաբեկելու Հայաստանին ու Արցախին: Այս երկու նպատակների իրագործման համար Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել վերջին երեք տարիների ընթացքումՙ ապահովելու այնպիսի քարոզչական խմբերի աջակցությունը, ինչպիսիք են «Լիվինգստոն գրուպը», «Չլոպակ, Լեոնարդ, Շեխտեր եւ ընկ.», «Մելվուդ կոմյունի Քեյնզը» եւ «Ջվին»: Ավելին, Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանը մեկ տարի առաջ «վարձել» է նախ «Սիտրիկ եւ ընկ.»-ը, ապա փոխարինել «Թուլ Շեդ գրուպ» ընկերությունով, հիմնված Ամերիկահրեական կոմիտեի հասարակական գործերի նախկին տնօրեն Ջեյսոն Կատցի կողմից: Մինչ վերոնշյալ քարոզչական խմբերի աջակցությամբ Ադրբեջանի դեսպանությունը Ամերիկայում փորձում է հասնել վաշինգտոնյան բարձրաստիճան պաշտոնյաներին, Լոս Անջելեսում գտնվող հյուպատոսարանը ձգտում է հակադարձել Կալիֆոռնիայի հայկական խոշոր համայնքի քաղաքական ազդեցությունները ամերիկացիների վրա: Բարեբախտաբար նրանցից ոչ մեկը, ոչ էլ մյուսը ցարդ հաջողության չեն հասել: Վերջերս Ադրբեջանի դեսպանատունը փորձեց Կոնգրեսում ամրագրել տալ 1992-ի Արցախյան պատերազմում իբր հարյուրավոր ազերիների սպանության փաստը: Հակառակ հսկայական ջանքերի, Սենատի 535 անդամներից միայն մեկինՙ Կենտուկիից հանրապետական Էդ Ուիթֆիլդին նրանք կարողացան համոզել: Կալիֆոռնիայում պատկերն ավելի վատ էրՙ հակառակ ժամանակի, փողի եւ մարդկային հսկայական ռեսուրսների օգտագործմանը: 2005-ին նախագահ Ալիեւը Էլին Սուլեյմանովին (շրջանավարտ Ֆլետչերի անվան իրավաբանական եւ դիվանագիտական ֆակուլտետի) նշանակել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի առաջին հյուպատոսի պաշտոնում: «Ազերի պրես» գործակալությանը տված հարցազրույցում Սուլեյմանովն ասել էր, որ իր գլխավոր պարտականությունն էր հակադարձել հայկական համայնքի քաղաքական ազդեցությանը: Նա նամակ էր հղել լոսանջելեսյան թատրոններից մեկի սեփականատիրոջըՙ պահանջելով չեղյալ հայտարարել իր շենքում նախատեսված արցախյան միջոցառումը: Նամակն անտեսվեց եւ միջոցառումը կայացավ: Սուլեյմանովի ձախողումը իր մեղքով չէր: Նա մեծ ոգեւորությամբ փորձել էր պաշտպանել Ադրբեջանի շահերը եւ առիթը բաց չթողնել վարկաբեկելու Հայաստանին եւ Արցախին: Իր կառավարության վարձակալած քարոզչական ընկերությունները նրա համար շրջագայություն են կազմակերպել: Նա պետք է այցելի Կոլորադո, Հավայան կղզիներ, Այդահո, Միչիգան, Օրեգոն, Վայոմինգ եւ Կալիֆոռնիայի որոշ տարածքներՙ դասախոսություններ կարդալու, ուսանողների հետ հանդիպելու եւ հոդվածներ տպագրելու մի քանի անհայտ թերթերում: Սուլեյմանովը նույնիսկ այցելել է Մոնտանայում գտնվող «Ֆլեթհեդ հնդկացիների արգելաբնակավայրը» եւ այնտեղ խոսել բնիկ ամերիկացիների եւ ադրբեջանցիների միջեւ գոյություն ունեցող «ռասայական նմանությունների մասին»: Մոնտանայի համալսարանից մի ուսանող մեջ է բերել նրա խոսքերը, որ Ամերիկայի բնիկները եկել են Ադրբեջանի որոշակի մի տարածքից, եւ այդ պատճառով էլ հյուպատոսը «իրեն շատ հարազատ միջավայրում էր զգում»: Ադրբեջանի քարոզչական խմբակցությունների հաջողություններից մեկն այն էր, որ 2007-ի սեպտեմբերին Կալիֆոռնիայից չորս օրենսդիրներ այցելեցին Բաքու, իսկ վերջին երեք տարիներին մի շարք նախարարներ եւ ադրբեջանական խորհրդարանի անդամներ այցելել են Կալիֆոռնիա մեկից ավելի անգամներ: Այդուհանդերձ, հակառակ տարված հսկայական քարոզչությանը, նահանգային ասամբլեայի եւ սենատի 120 անդամներից միայն մեկը 2009-ի փետրվարին կարեկցանքի նամակ հղեց նախագահ Ալիեւին «Խոջալուի զոհերի» համար: Նամակը ստորագրել էր Ֆելիպե Ֆուենտեսը: Կալիֆոռնիայի նահանգային ասամբելայի անդամ Պոլ Գրիգորյանը (դեմոկրատ Գլենդեյլից) մեծ ջանքեր էր գործադրել իրազեկելու իր գործընկերներին եւ ապացուցելու, որ տարածվածը ապատեղեկատվություն էր: Ֆուենտեսի նամակը, իհարկե, որակվեց «հաղթանակ», եւ ադրբեջանական մամուլը այն տարածեց աշխարհով մեկ, որպես հայերին դատապարտող մի փաստաթուղթ: Ադրբեջանի կառավարությունն ու նրա ներկայացուցիչները Մ. Նահանգներում չեն գիտակցում, որ իրենց շահերից չի բխում Կալիֆոռնիայի հայկական համայնքին վարկաբեկելը: Պատահական չէր, որ վերջերս Սուլեյմանովի մուտքը Նորթրիջի Կալիֆոռնիա համալսարան ընդունվեց ուսանողների բողոք-ցույցով: Եթե հյուպատոսարանը շարունակի իր ապատեղեկատվություններով ողողել Կալիֆոռնիան, ապա ամերիկահայերը, որպես հակադարձ քայլ, երեւի մտածեն Վաշինգտոնում գործող Արցախյան գրասենյակի մասնաճյուղ բացել Լոս Անջելեսում: «ԱԶԳ» 03-04-2009-

No comments: