Wednesday, April 8, 2009

Ժիրայր Սեֆիլյան. «Մեր խնդիրը միայն ճանապարհ բացելը չէ»

«Ազատություն» 7-4-2009- «Հայ-թուրքական հարաբերություններ լինել չեն կարող առանց Արցախի խնդիրը շոշափելու», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը` վկայակոչելով երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ վերջինս անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին` մասնավորապես, հայտարարեց. - «Ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ: Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»: Ժիրայր Սեֆիլյանի մեկնաբանությամբ` Օբաման, փաստորեն առաջարկել է Ղարաբաղյան հարցի` Թուրքիայի միջնորդությամբ կարգավորման ձեւաչափ, ինչը, ըստ նրա, կլինի վատթարագույնը: «Այս իմաստով մենք մտահոգ ենք», - ասաց Սեֆիլյանը: - «Մեր խնդիրը միայն ճանապարհը բացել չէ: Ամբողջ այս ընթացքը, որ գնում է բանակցային, այս կոնտեքտում հնարավոր չէ, որ Արցախի մասին խոսած չլինեն եւ որոշում արած չլինեն»: «Միացում» ազգային նախաձեռնությունը դեմ է Հայաստան-Թուրքիա-գերտերություններ բանակցությունների «գաղտնի» ձեւաչափին: Նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին եւ սահմանի բացման հնարավոր լուրերին դեռ պաշտոնապես կանդրադառնա: Ժիրայր Սեֆիլյանը, մինչդեռ, ունի իր անձնական տեսակետն այս հարցի շուրջ: «Թուրքերը որեւէ մի դիվանագիտական... առավել եւս ճանապարհի բացում եւ այլն, չեն համաձայնվելու մինչեւ այն ժամանակ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չճանաչի Կարսի պայմանագիրը: Ես սրա մեջ եմ տեսնում ամենամեծ վտանգը», - հավելեց Ժիրայր Սեֆիլյանը` հավելելով. - «Մենք իրավունք չունենք մոռանալու, որ մենք ունենք այնտեղ հայապատկան հողեր: Հասմիկ Սմբատյան

No comments: