Wednesday, April 8, 2009

Օբաման Ցեղասպանության հարցում դիրքորոշումը չի փոխել, բայց ...

HayInfo.7-4-2009- Օբամայի մուտքը բարձրաշխարհիկ քաղաքական հասարակություն սկսվեց Լոնդոնից, որտեղ նա մասնակցեց այսպես կոչված «Մեծ քսանյակի» ճգնաժամային գագաթաժողովին, որի շրջանակում իր առաջին առանձնազրույցներն ունեցավ գերտերությունների ղեկավարների հետ, ամերիկյան ժպիտներ շռայլեց տեսախցիկներին ու փորձեց չշեղվել արարողակարգային բոլոր ձևականություններից: Այդ մասին հաղորդում է 7օր Թե՛ Լոնդոնում, թե՛ ավելի ուշ գերմանական և ֆրանսիական քաղաքներում կայացած ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովում Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը համընդհանուր ուշադրության կենտրոնում էր, հետևաբար է՛լ ավելի ակնհայտ էր նրա կաշկանդվածությունը՝ նման այն հուզմունքին, որով առաջին կուրսի ուսանողը սովորաբար մտնում է քննության: Օբաման ամեն ինչ անում էր օրինակելի ուսանողի կարգապահությամբ, ինչը հատկապես նկատելի էր այնպիսի առաջնորդների ֆոնին, ինչպիսին, օրինակ, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է: Նա մի քանի անգամ խախտեց արարողակարգը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումներում, ինչի համար նույնիսկ ներողություն չխնդրեց: Իր առաջին եվրոպական շրջագայությունը Օբաման այնուհետև շարունակեց Պրահայում, որտեղ մասնակցեց ԵՄ-ԱՄՆ գագաթաժողովին, ապա ժամանեց Անկարա: Մինչև այդ Եվրոպայում տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն, որոնք չվրիպեցին մամուլի ուշադրությունից: ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Անկարան պաշտոնապես հայտարարում էր, որ կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Դանիայի գործող վարչապետ Անդերս Ռասմուսենի թեկնածությանը և ամեն կերպ խոչընդոտելու է նրա նշանակմանը: Պատճառը, այս դեպքում, թերևս, պատրվակը, Դանիայի վարչապետի դիրքորոշումն էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատմությունում: Վարչապետն ընդամենը հրաժարվել էր պատժել դանիացի խմբագիրներին, որոնք համարձակվել էին իրենց թերթերում հրապարակել ամբողջ մուսուլմանական աշխարհը վրդոված ծաղրանկարները: Անկարան պատճառաբանում էր նաև, որ այդ երկրի տարածքից է հեռարձակվում իր սույր ծայրով դեպի Թուրքիա ուղղված քրդական մի հեռուստաալիք, և որ Դանիայի իշխանությունները մերժել են այդ ալիքը փակելու իրենց խնդրանքը: Վերլուծաբանները, սակայն, Անկարայի քմահաճույքը գահատեցին որպես դաշինքում իր կշիռը ցույց տալու փորձ: Թուրքիայի «վճռական» դիրքորոշումը Ռասմուսենի ընտրության հարցում բազմիցս հաստատել էր նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թվում էր, թե սա լրջորեն պիտի խոչընդոտեր ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքը, սակայն հարցը շատ արագ լուծեց Բարաք Օբաման: Գյուլի և Օբամայի հանդիպումը տևեց մոտ մեկ ժամ, դրանից հետո ՆԱՏՕ-ն անարգել նշանակեց հաջորդ գլխավոր քարտուղարին՝ Դանիայի վարչապետ Անդերս Ռասմուսենին: Օբամա-Անկարա հաջորդ «հանդիպումը» տեղի ունեցավ Պրահայում: Սպիտակ տան ղեկավարը ԵՄ անդամներին հորդորեց բացել «ընտանիքի» դռները Թուրքիայի առջև և անդամակցություն շնորհել այդ երկրին: Առաջինը, ուր ուղևորվեց ԱՄՆ նախագահը Անկարա ժամանելուց հետո, Քեմալ Աթաթուրքի դամբարանն էր: Ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադրին հարգանքի տուրք մատուցելուց հետո նա ուղևորվեց նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցավ երկու երկրի նախագահների հանդիպումը: Դիրքորոշումը չի փոխվել Օբամայի ուղևորության ծրագրի՝ մեզ համար ամենահետաքրքիր հատվածը նախագահների առանձնազրույցին հաջորդած մամուլի ասուլիսն էր: Որ Օբաման հենց Անկարայում կարտասանի «ցեղասպանություն» բառը և կդատապարտի այն, անշուշտ, ոչ ոք չէր սպասում, և դա տեղի չունեցավ: Փոխարենը Օբաման հայտարարեց. «Իմ դիրքորոշումը [Ցեղասպանության հարցում - խմբ.] չի փոխվել: Բայց ինձ ոգևորել է չլուծված խնդիրները լուծելու ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած բանակցությունների շարքը: Ես ուզում եմ հնարավորինս նպաստել այդ բանակցությունների առաջընթացին»: Սա առաջին ազդանշանն էր: Վերլուծաբանների՝ «կարտասանի՞ Օբաման «ցեղասպանություն» եզրը, թե՞ ոչ» կանխատեսումներում վերջին շրջանում գերակշռում էր այն կարծիքը, որ հրաշք, այնուամենայնիվ, տեղի չի ունենա: Այսինքն՝ այս տարի էլ ապրիլի 24-ը կանցնի այնպես, ինչպես բոլոր նախկին 24-երը, միայն հիասթափությունն ավելի մեծ կլինի: Ամեն ինչ նույնը կլինի, տարբեր կլինի միայն ուղերձի հեղինակը, նրա մաշկի գույնը և խոստմնազանցությունն արդարացնող պատճառաբանությունը: «Ես կասեի... բայց ձեր մասին եմ մտածում՝ հայերի և թուրքերի բարեկամության»,- այսպես կամ մոտավորապես այսպես կարդարանա ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահը՝ սկզբում առաջին կուրսեցու երկչոտությամբ, հաջորդ տարիներին արդեն՝ աշխարհի հզորագույն տերության նախագահի ինքնավստահությամբ:

No comments: