
HayInfo 15-4-2009- Երեկ Թեհրանում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրեցին ավելի վաղ Երևանում նախաստորագրված փոխըմբռնման հուշագիր երաթգծի կառուցման մասին։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ը
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Գուրգեն Սարգսյանը հայտարարել է, որ նշված հուշագրով մի շարք կարևոր դրույթներ ամրագրվեցին, և երկու կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունն այդ նախագծի իրականացման հարցում։
«Ստեղծվեց աշխատանքային խումբ երկու նախարարների տեղակալների մակարդակով, որն առաջիկա երեք ամսվա ընթացքում կաշխատի և կսկսի ձեռնարկել այդ նախագծի իրականացման հետ կապված բոլոր նախնական քայլերը»,– ասել է Գուրգեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է երկաթգծի կառուցման ժամկետներին, ապա նախարարը նշել է, որ այս առումով մի շարք տարբեր հաշվարկներ կան, որոնցից մի քանիսի համաձայն՝ երկաթգծի կառուցման ժամկետը կարող է կազմել 4-5 տարի։
«Գումարը նույնպես դժվար է գնահատել, քանի որ դեռ հստակ չէ, թե նախագիծը կազմելուց հետո քանի կիլոմետր թունելներ կունենանք, որովհետև թունելների կառուցման գինը բավական բարձր է», – ասել է Գ.Սարգսյանն ու հավելել, որ գումարը, ամեն դեպքում, կարող է տատանվել 1,5-1,8 միլիարդի սահմանագծում՝ ըստ նախագծի տարբերակի։
Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, նախագծի իրականացումը բաղկացած է լինելու երեք փուլից՝ նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, երկաթգծի նախագծում և քարտեզագրում ու բուն շինարարական աշխատանքներ։ Նախնական հաշվարկներով՝ երկաթուղին կունենա 470 կմ երկարություն, այդ թվում՝ 60 կմ՝ Իրանի տարածքում։
No comments:
Post a Comment