
Tert.am. 21-4-2009- Ռասիզմի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Վատիկանի պատվիրակությունը, ի տարբերություն եվրոպական երկրների ներկայացուցիչների, ովքեր Իրանի նախագահ Մամհուդ Ահմադինեժադի ելույթը սկսվելուն պես լքեցին նիստերի դահլիճը, մինչև վերջ լսեց Իրանի նախագահին:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Ահմադինեժադի ելույթն իր մեջ «ծայրահեղական և անթույլատրելի արտահայտություններ էր պարունակում, սակայն, Իրանի նախագահն իր ելույթում «չի հերքել Հոլոքոստի իրողությունը կամ Իսրայելի գոյության իրավունքը», հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ապրիլի 19-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կողմ էր հանդես եկել ժնևյան խորհրդաժողովին` այն որակելով «կարևոր նախաձեռնություն» ռասիզմի դեմ պայքարի համար, ինչն առաջ էր բերել Հռոմի գլխավոր ռաբբի Ռիկարդո դի Սենիի քնադատությունը: Հիշեցնենք, որ մի շարք երկրներ հրաժարվել էին մասնակցել խորհրդաժողովին, այդ թվում՝ ԱՄՆ-ը։
Նշենք, որ երեկ Ահմադինեժադը ելույթի ընթացքում հրեական պետությունն անվանել է «ռասիստական ռեժիմ»: Որպես հակաիսրաելական արտահայտությունների հանդեպ բողոքի նշան` եվրոպացի դիվանագետները լքել են դահլիճը:
No comments:
Post a Comment