
Lragir 15-4-2009- Երևանի պետական բժշկական համալսարանում քիչ չեն օտարերկրացի ուսանողները, հիմնականում` իրանցի եւ արաբ: Ճիշտ է, նրանք տպավորված են հայերով, տարբերություն չեն դնում իրենց ու հայերի միջև, ավելին` սիրում են հայերին, նրանց եղբայր անվանում, բայց Հայաստանը համարում են թանկ երկիր և այստեղ սովորելն էլ՝ թանկ հաճույք:
Այս դեպքում ի±նչն է ստիպում նրանց մնալ մեր երկրում, մանավանդ, որ իրանցի ուսանողներն ասում են, որ իրենց մոտ 54 համալսարան գոյություն ունի, և միայն ատամնաբուժության բաժինն ամբողջ բժշկական համալսարանի չափ է, և ուսումը համապատասխան բաժիններում շատ ավելի էժան է: Պատճառը շատ մեծ մրցույթն է, ինչի արդյունքում նրանք, ովքեր չեն կարողնում ընդունվել կամ վստահ են, որ չեն ընդունվի, դիմում են Հայաստանի “օգնությանը”, որտեղ անհամեմատ հեշտ են ընդունվում` առանց քննության:
Արդեն 5-րդ տարին այստեղ սովորող իրանցի ուսանողը համեմատում է ներկա Հայաստանը 5 տարի առաջվա Հայաստանի հետ. ”5-րդ տարին է` էստեղ եմ, դժվարությունն այն է, որ դոլարն իջել ա: 5 տարի առաջ, որ եկա, դոլարը 550-560-ով մանրում էի: 300 դոլարը լրիվ հերիք էր այն ժամանակ ապրելու համար, հիմա ուղարկում են կրկնակի”:
Ատամնաբուժական բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արամն էլ ասում է, որ մեր երկրում ամեն ինչ է թանկացել, նախքան գալը չի իմացել, դեռ ավելին, լսել է, որ էժան երկիր է. ”Մեզ մոտ ահավոր էժան ա, էստեղ ահավոր թանկ ա ամեն ինչ”:
Սակայն օտարերկրացի ուսանողների թերևս ամենադժվարը վարձակալած տների բարձր գներն են, որովհետև հայազգի ուսանողները վճարում են իրենց վճարածի ուղիղ կեսը: Շատ օտարերկրացի ուսանողներ մնում են հանրակացարաններում, սակայն նրանց մեջ կան այնպիսիները, որոնք հանրակացարանային պայմաններին սովոր չեն. “Հանրակացարան չեմ կարող մնալ, զուգարանային պայմանները դուրս չեն գալիս”, ասում է վիրաբուժության երկրորդ կուրսի ուսանողուհիներից մեկը, ով տարեկան վճարում է 1 միլիոն 250 հազար դրամ ուսման վարձ. ”Պատկերացրեք մեզ համար շատ թանկ ա ստեղ: Իրանցիներին թանկ են վարձու տները տալիս` 300 դոլար ամենաքիչը: Դեռ ես լավ եմ վերցրել, ընկերներս համալսարանի մոտ ավելի թանկ են վերցրել”, նշում է նա:
Փոխարենը վարձավճարներից և ապրուստի թանկ լինելուց չեն դժգոհում ամերիկահայերը: 19-ամյա Հայկը ընդհանուր բժշկությունում է սովորում, շատ գոհ է, ասում է, որ Ամերիկայի համեմատ այստեղ շատ լավ է կրթությունը: ”Ամերիկայի համեմատ այստեղ մի քիչ ավելի բարդ է, ստիպում են սովորես: Դասախոսները մեկ-մեկ անգլերեն լավ չեն խոսում, բայց ես հասկանում եմ իրանց ասածը, կարևորն էլ դա է”, ասում է Արամը:
Մասնագիտական գրականություն չլինելու հետ կապված խոսակցությունները ուսանողները հերքում են, փոխարենն ավելացնում են, որ քննություններն են բարդացել, կարճ ժամանակահատվածում պետք է մի շարք քննություններ հանձնեն, շատերն են սկսել դուրս մնալ:
Ֆարմացիայի ամբոնի վարիչ պրոֆեսոր Մարինե Բալասանյանը, սակայն, ասում է, որ քննություններն սկսում են մայիսին հենց իրենց` օտարերկրյա ուսանողների խնդրանքով. ”Իրենք ուզում են տուն շուտ գնալ, դժգոհություն, կարծում եմ, չպետք է լինի, որովհետև անկեղծ ասած մենք իրենց նկատմամբ մի փոքր ավելի ուշադիր ենք, քան մեր ուսանողների` հաշվի առնելով, որ նախ տնից հեռու են ապրում, եկել են մեզ մոտ սովորելու, բա իհարկե մեր պատիվն է և շատ հարցերում իրենց նկատմամբ ավելի ներողամիտ ենք լինում և ուշադիր, քան տեղացիների”:
Միջին հաշվով յուրաքանչյուր օտարերկրացի տարվա կտրվածքով ծախսում է 14.000 դոլար:
18-ամյա Յազդանը առաջին տարին է` այստեղ ընդհանուր բժշկություն է սովորում, դժգոհում է թանկությունից, բայց մի բան չի հասկանում, թե ինչու են վարձակալները տարբերություն դնում իրենց ու տեղացիների միջև, գուցե կարծում են` ավելի լա՞վ ենք ապրում, ասում է նա:
Օտարերկրացի ուսանողները մեկ էլ չեն հասկանում, թե մեր երկրում ինչու է դոլարն անընդհատ վերելակի պես բարձրանում, իջնում: Սակայն նրանց պետք է ասենք, որ սա նույնիսկ տեղացիները չեն հասկանում:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
No comments:
Post a Comment