
Tert.am. 29-4-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Բաքու՝ հայ-թուրքական ընթացող բանակցությունների շուրջ պաշտոնական Անկարայի և Բաքվի դիրքորոշումներում հստակություն մտցնելու նպատակով։ Այդ մասին 1news.az-ին հայտնել է քաղաքագետ Ռասիմ Աղաևը։
«Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ներկա նախաձեռնությունները կարող են զրկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հաղթաթղթից և ստիպում են պաշտոնական Բաքվին փնտրել Երևանի վրա ազդելու նոր լծակներ։ Խնդիրը նրանում է, որ եթե այսպես շարունակվի, ապա թուրք-ադրբեջանական հարաբերություններն այժմ լրատվամիջոցներում ծավալված տեղեկատվական պատերազմից կարող են վերածվել ավելի բացասական երևույթի։ Ես կարծում եմ, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների լեզվակռիվը բացասական ազդանշան է, որը կարող է մեծ ճեղքի վերածվել թյուրքական աշխարհում»,- նշել է քաղաքագետը։
«Այդ իսկ պատճառով կարևոր է Էրդողանի այցը, որի նպատակն է ներկայացնել Բաքվին Հայաստանի հետ ընթացող բանակցությունների մանրամասները և բացատրել «Ճանապարհային քարտեզի» գաղափարը, որը ստորագրվել է Թուրքիայի և Հայաստանի միջև։ Եթե Միացյալ Նահանգները ստանձնել են հայ-թուրքական հարաբերությունների պարզաբանման պատասխանատվությունը, ապա մենք պետք է լուրջ փոփոխություններ ակնկալենք, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կենտրոնանալ և պարզաբանումներ մտցնել մեզ համար բոլոր մութ հարցերում։ Էրդողանի այցը Բաքու կարող է բացատրվելու և երկու եղբայրական երկրների միջև լարվածությունը թուլացնելու լավ միջոց հանդիսանալ»,- եզրափակել է Աղայևը։
No comments:
Post a Comment