
HayInfo 29-4-2009- ՌԴ-ն ողջունում է Երևանի և Անկարայի ցանկացած նախաձեռնություն, որը տանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, լարվածության մակարդակի նվազմանը տարածաշրջանում, չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
«Այդ պատճառով հայ և թուրք գործընկերներին անկեղծ հաջողություններ ենք մաղթում տվյալ հարցում»,- նշել է Նեստերենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա ավելացրեց, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է վերջին ժամանակներս հայկական և թուրքական ղեկավարության կողմից ձեռնարկվող լուրջ ջանքերին՝ միմյանց հետ մերձենալու առումով։
«Դա իրական հնարավորություն է փոխելու ստատուս-քվոն և երկարատև ժամանակ սառեցված հարաբերությունները տեղափոխելու նոր հարթություն... Կցանկանայի հուսալ, որ վերոնշյալ դրական դինամիկան նպաստավոր կերպով կարտացոլվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա»,- ընդգծեց նա։
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։
No comments:
Post a Comment