Thursday, April 30, 2009

Հայաստանը կարող է զրկվել էժան գազից, բայց իր տարածքով անցնող նավթամուղ ստանալ

Tert.am. 29-4-2009- 1990-ականների սկզբին, երբ Վրաստանը և աստիճանաբար նավթային պետության վերածվող Ադրբեջանը սայթաքեցին Մոսկվայի վերահսկողության տակից, Հայաստանը ակամա դարձավ Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը: Այսպիսով, օրինակ, Հայաստանն օգտվում է գազի ավելի բարենպաստ սակագներից, քան որևէ այլ հետխորհրդային երկիր: Բայցևայնպես, ինչպես գրում է ամերիկյան «United Press International»-ը, Հարավային Կովկասի վերջին «սառեցված հակամարտության» հետ մեկտեղ նկատվում են խոշոր քաղաքական փոփոխություններ, որոնք կարող են վերջ դնել Հայաստանի համար ռուսական գազի «հարմար» գներին: Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու վիճաբանությունը, որը սկսվել է ղարաբաղյան հակամարտության պատճառով և որի հետևանքով 1993թ. Թուրքիան, որպես Բաքվի հանդեպ համերաշխության քայլ, փակեց իր սահմանները Հայաստանի հետ, նոր փուլ է մտնում. Անկարան և Երևանն աստիճանաբար շարջվում են դեպի հարաբերությունների կարգավորում: Բայց Բաքուն դեմ չէ էներգետիկ ազդանշաններ տալ Անկարային. Ադրբեջանը որոշեց ապրիլի 15-ից սկսած բարձրացնել Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը, ինչին ի պատասխան Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ այն ժամանակաշրջանում, երբ նավթի գները նվազում են, Բաքվի կողմից «առնվազն զարմանալի է նման քայլի գնալը»: «Հայ-թուրթական հարաբերությունների կարգավորումը, եթե հաջողվի հաղթահարել Ադրբեջանի արգելքը, կարող է մեծ ազդեցություն ունենալ կասպյան գազի և նավթի երթուղիների ապագայի վրա, քանի որ Հայաստանի միջով անցնող երթուղիները շատ ավելի կարճ և էժան կլինեն, քան ներկայիս նավթամուղերն են»,- եզրակացնում է «United Press International»:

No comments: