
«Ազատություն» 29-4-2009- Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի:
Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Սոլանան ասել է. - «Ես հույս ունեմ, որ 2009 թվականը կարեւոր տարի կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար, սառեցված այդ հակամարտությունը կարող է եւ պետք է լուծվի»:Եվրամիության գերագույն հանձնակատարը նաեւ ողջունել է հայ - թուրքական հարաբերությունների ջերմացման փորձերը:«Մենք դեռ չենք տիրապետում մանրամասներին, բայց, ամեն դեպքում, ճանապարհային քարտեզը կառուցողական է լինելու: Երկար տարիներ Հայաստանը շրջափակված էր, կարծում եմ` շրջափակումը կվերանա, դա կնպաստի նաեւ տարածաշրջանում գոյություն ունեցող մյուս չլուծված խնդիրների կարգավորմանը: Ապաշրջափակման յուրաքանչյուր քայլ պետք է ողջունել», - հայտարարել է Խավիեր Սոլանան:Նա նաեւ փոխանցել է, որ առավոտյան «շատ կարեւոր հանդիպում է եղել Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Աստղիկ Բեդեւյան
No comments:
Post a Comment