Հայ Ազգային կոնգրեսը ապրիլի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ, որը Փաստարկ ակումբում լրագրողներին է ներկայացրել կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հայտարարության մեջ ասվում է, որ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ երկիրը կանգնած է լուրջ քաղաքական եւ տնտեսական մարտահրավերների առաջ, որեւէ իշխանության խնդիրը պետք է լիներ ազգային համաձայնության մթնոլորտ ձեւավորելը, ընդդիմության հետ երկխոսություն սկսելը:
Սակայն Հայ Ազգային կոնգրեսը փաստում է, որ իշխանությունը գնում է հակառակ ճանապարհով, շարունակում է սահմանափակել մարդու իրավունքներն ու ազատությունները, բանտում պահել 55 քաղբանտարկյալ, օկուպացնել Երեւանի կենտրոնը եւ թույլ չտալ ընդդիմության համախոհներին անցկացնել իրենց միջոցառումները, ինչպես նաեւ արդեն իսկ զանգվածային խախտումներ է սկսել Երեւանի քաղաքապետի ընտրության գործընթացում:
Ընդդիմությունը հայտարարում է, որ մինչեւ հայ-թուրքական հաշտեցման պատմական գործընթացն իրականացնելը, իշխանությունն այդ գործընթացը Հայաստանի Հանրապետության շահին ծառայեցնելու համար նախ պետք է հաշտեցման գործընթաց սկսի սեփական հասարակության հետ, մինչեւ հայ-թուրքական ճանապարհային քարտեզ մշակելը պետք է մշակի հասարակության հետ հարաբերության կարգավորման ճանապարհային քարտեզը: “Այն է` քաղբանտարկյալների ազատում, երկխոսության մեկնարկ եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնում, մայիսի 31-ին օրինական ընտրությունների անցկացում”, առաջարկվող քարտեզի կետերն է նշում Լեւոն Զուրաբյանը, ընթերցելով ՀԱԿ հայտարարությունը:
Կոնգրեսը մեկ անգամ էլ իր պատրաստակամությունն ու հետեւողականությունն է արտահայտում, որ եթե իշխանությունը ձեռնամուխ չլինի ազգային համաձայնության այդ գործընթացին, ապա համաժողովրդական շարժումն իր պայքարով կհասնի Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին:
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment