Thursday, April 30, 2009

Բնակարանների գները Հայաստանում կշարունակեն ընկնել

Tert.am. 29-4-2009- «Առաջին հիպոթեկային» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանը ԱրմԻնֆոյին հայտնել է, որ բնակարանների գների իջեցման միտումը Հայաստանում կպահպանվի մինչև տարվա վերջ: Արդեն այսօր Երևանի կենտրոնում կարելի է մեկ քմ բնակտարածք ձեռք բերել $1.1 հազ-ով՝ անցյալ տարվա $2 հազ-ի փոխարեն: Դավիթ Աթանեսյանի կարծիքով՝ 1 քմ-ի գինը չի իջնի $700-ից: Նա նշել է մի շարք փոխկապակցված գործոններ, որոնք նպաստում են գների իջեցմանը: Առաջինը հիպոթեկի նկատմամբ պահանջարկի կրճատումն է, որը կապված է բնակչության եկամուտների կրճատման հետ, և ինչը, ըստ Աթանեսյանի, կարող է որոշ անձանց համար հիպոթեկային վարկի մարման հետ կապված խնդիրներ ստեղծել: Հաջորդ խնդիրն այն է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները ստիպված կլինեն վաճառել գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը, ինչը և առաջարկի աճ կառաջացնի, և որպես հետևանք՝ անշարժ գույքի գների իջեցում: Երրորդ՝ ըստ Աթանեսյանի, անշարժ գույքի շուկայի շատ սպեկուլյանտներ կաշխատեն ազատվել նախկինում սպեկուլյատիվ նպատակներով ձեռք բերված բնակարաններից, ինչը նույնպես կտանի գների իջեցման: Դավիթ Աթանեսյանը տեղեկացրել է, որ ներկայում «Առաջին հիպոթեկային» ընկերությունը հիպոթեկային վարկեր է տրամադրում 10 տարի մարման ժամկետով՝ տարեկան 15-16% տոկոսադրույքով:

No comments: