Lragir 29-4-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ին Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, թե հայ-թուրքական ճանապարհային քարտեզը պարունակում է արդյոք Կարսի պայմանագրի ճանաչման մասին դրույթ, պատասխանել է.
“Ոչ, չի պարունակում: Նախ եւ առաջ ես Ձեզ որոշ բացատրություն տամ: Կարծեմ, ես իմ հարցազրույցի մեջ երկու օր առաջ, մեր գործակալությանը, Արմենպրեսին, ասել էի, որ ճանապարհային քարտեզը դա ժամանակացույց է այն քայլերի, գործողությունների, որոնք երկու կողմերը պետք է ձեռնարկեն, որպեսզի այն պայմանավորվածությունները, որոնք կան, որոնք ձեռք են բերվելու, անցնեն համապատասխան փուլերով եւ մտնեն ուժի մեջ: Այսինքն դա ժամանակային քարտեզ է ճանապարհային քարտեզ այդ հասկացողությունը: Իսկ այդ դրույթների իմաստով, որեւէ դրույթ, որեւէ սկզբունք պայմանավորվածությունների վերաբերյալ ճանապարհային քարտեզի մեջ չկա: Դրույթները, սկզբունքները եւ գլխավոր պայմանավորվածությունները կլինեն այն գլխավոր պայմանագրի, կամ պայմանագրերի, կամ համաձայնագրերի մեջ, որոնք կստորագրվեն երկու կողմից”, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, նշելով, թե ապրիլի 22-ի հայտարարությունն ընդամենը հայտարարություն էր, ոչ թե ստորագրված փաստաթուղթ:
ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հարցրել է պատմաբանների հանձնաժողովի կապակցությամբ, ասելով, թե այդ մասին ակնարկ կա Թուրքիայի անվտանգության Խորհրդի նախօրեին տեղի ունեցած նիստի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ, ըստ որի 1915 թվականի իրադարձությունները ենթակա են անաչառ գիտական ուսումնասիրության: Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի առկայության վերաբերյալ հարցին, ասել է, թե հայ-թուրքական համատեղ հայտարարության մեջ, որ եղավ ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը, նշվում է, որ կողմերն առաջընթաց են արձանագրել եւ երկուսն ել գոհ են դրանից:
“Դուք կարծում եք, որ մեզ կարող է գոհացնել ինչ որ նախապայմաններ, երբ որ մենք բազմիցս նախագահի, հանրապետության նախագահի մակարդակով հայտարարել ենք, եւ արտգործնախարարի, ես ինքս եմ հայտարարել, որ որեւէ նախապայման չկա: Մենք բանակցությունները մեկնարկել ենք այդ ըմբռնումով, փոխադարձ ըմբռնումով, մենք վարել ենք այդ բանակցությունները փոխադարձ ըմբռնումով, որ չկան նախապայմաններ եւ եկել ենք առաջընթացի նույն ըմբռնումով”, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Thursday, April 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment