
Ազատություն 20-4-2009- Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի կարծիքով Միացյալ Նահանգների նախագահը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը, կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների դրական հանգուցալուծմանը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սաբինա Ֆրեյզերը նաեւ կարծիք հայտնեց, որ Թուրքիան լրջորեն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ եւ սահմանի վերաբացմամբ:«Միջազգային ճգնաժամային խմբի դիրքորոշումն այն է, որ Թուրքիան լրջորեն ներքաշված է այս գործընթացի մեջ եւ իրապես մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում հարաբերությունների նորմալացման հարցում։ Չմոռանանք, որ այս գործընթացը երեկ չի մեկնարկել։ Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունները արդեն երկար տարիներ է, ինչ ընթանում են տարբեր ձեւաչափերով, հատկապես` գաղտնի ձեւաչափով Շվեյցարիայում։ Բանակցությունները նոր թափով վերսկսվեցին օգոստոսյան իրադարձություններից` ռուս-վրացական պատերազմից հետո: Այն ժամանակ մենք տեսանք, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունեցավ իր ապրանքը Վրաստանով ուղարկելու եւ ստանալու հարցում։ Այնպես որ, կարծում եմ, օգոստոսյան իրադարձությունները նոր կարեւորություն եւ լիցք հաղորդեցին հայ-թուրքական բանակցություններին, եւ կողմերը այդ հարցում հետեւողականություն են ցուցաբերում», - նշեց Ֆրեյզերը:Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավարի գնահատմամբ, պաշտոնական Անկարան այսօր փորձում է Ադրբեջանի իշխանություններին եւ հասարակությանը հասցնել ուղերձը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեպքում կտրուկ փոփոխություն կլինի, որը կխթանի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ, կարող է, ի վերջո, հանգեցնել Ադրբեջանի տարածքներից հայկական ստորաբաժանումների դուրսբերմանը:Միջազգային ճգնաժամային խումբը իր վերջին զեկույցում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորհուրդ էր տվել ապրիլ քսանչորսյան իր ուղերձում չօգտագործել «ցեղասպանություն» բառը, քանի որ դա միայն կխանգարի հաշտեցման գործընթացին։«Այստեղ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները նախապայման չեն դնում եւ չեն ասում, որ սահմանը բացելուց առաջ Թուրքիան նախ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - ասաց Ֆրեյզերը։«Մենք չենք կարծում, որ տարբեր երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիային սահմանում կամ լուծում պարտադրելը ճիշտ է։ Թուրքիայի իշխանությունները եւ հասարակական կարծիքը ի զորու են համապատասխան եզրակացություն անել։ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի իշխանությունների կողմից Թուրքիայի պատմությունը մեկնաբանելու կարիքը չկա։ Այս պահին ցանկացած բանաձեւերի ընդունումը միայն բացասական արդյունք կունենա, քանի որ դրանից կուժեղանան Թուրքիայում ազգայնականների դիրքերը, որոնք, իհարկե, կտրականապես դեմ են ցեղասպանության ցանկացած ճանաչմանը», - կարծիք հայտնեց Ֆրեյզերը:Փորձագետը, սակայն, դժվարացավ կանխատեսումներ անել հայ-թուրքական սահմանի վերաբացման ժամկետի հարցում:«Շատ դժվար գործ է։ Ես կցանկանայի, որ սահմանը վերաբացվեր դեռ երեկ։ Կարծում եմ, որ սահմանի բավական արագ վերաբացելու հնարավորության հարցում կողմերի դիրքորոշումները շատ մոտ են։ Այժմ որպես սահմանի վերաբացման հնարավոր ժամկետ է դիտարկվում այս տարվա հոկտեմբերը, երբ Հայաստանի նախագահը պատասխան այցով մեկնի Թուրքիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:
Հրայր Թամրազյան
No comments:
Post a Comment