Friday, April 10, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԸ

Lragir 10-4-2009- «Կովկասի գլխավոր խնդիրը Ղարաբաղի հարցն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, Գյուլն այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերության կարգավորման համար դեռեւս չլուծված խնդիրների մասին հարցին: «Մենք հուսով ենք, որ այդ խնդիրը կլուծվի եւ Կովկասում կձեւավորվի նոր մթնոլորտ: Իրականում, թեեւ դա համեմատաբար ոչ մեծ տարածք է, այն կարող է լինել պատ կամ դարպաս Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ», հայտարարել է Գյուլը: Նա ասել է, թե մեծ ջանքեր են գործադրում Կովկասում խնդիրների լուծման համար եւ այդ առումով 2009 թվականը հնարավորությունների տարի է: «Եվ դրա համար ես կուզեմ կոչ անել բոլորին, սկսած Մինսկի խմբից, բազմապատկել ջանքերը լուծման գալու համար», հայտարարել է Գյուլը: Նա ասել է, որ հակամարտ կողմերի մոտ կա մեծ ցանկություն, նշելով, որ 2008 թվականի օգոստոսի պատերազմական զարգացումներից հետո, որ եղան Կովկասում, բոլորը տեսան, որ այն խնդիրները, որոնք համարվում էին սառեցված, մի ակնթարթում կարող են վերակենդանանալ: Ի դեպ, երեկ Արմենտել ընկերությունը հայտարարել է, որ սառեցվել է Թուրքիայից Հայաստան եկող այլընտրանքային ինտերնետ կապուղու ապահովման աշխատանքը: Ինչպես Ռեգնումին ասել է Արմենտելի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, աշխատանքը սառեցվել է նոր ֆինանսատնտեսական իրավիճակի պատճառով: Հետաքրքիր է, արդյոք միայն ֆինանսատնտեսական իրավիճակն է նոր, թե նաեւ քաղաքականը, այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Բանն այն է, որ դրանից հետո Թուրքիայի իշխանությունն արդեն մի քանի անգամ հասցրել է հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերության համար պետք է կարգավորվի Ղարաբաղի հակամարտությունը: Այսինքն դա փաստացի նշանակում է, որ Օբամայի այցից հետո Թուրքիան հայ-թուրքական հարաբերությանը հաղորդում է, ընդ որում նախագահի ու վարչապետի մակարդակով, այնպիսի երանգ, որ այդ հարաբերությունն այդ տեսքով շարունակելը Հայաստանի համար ուղղակի անհնար է, եթե իհարկե առաջնորդվում են պետական շահով: Թերեւս այդ պարագայում նաեւ անհնար է դառնում Թուրքիայի տարածքով ինտերնետ մալուխի անցկացումը շարունակելը:

No comments: