
/PanARMENIAN.Net/ 17.04.2009 - «Չնայած նրան, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը եւս բավական ուշադրություն էր հատկացնում ղարաբաղյան հակամարտության լուծմանը, նոր նախագահ Օբաման ուղղակի եւ հստակ հայտարարեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի սեղմ ժամկետներում: Իմ հաճախակի այցերը տարածաշրջան իրականացվում են նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանձնարարությամբ»: Այդ մասին ադրբեջանական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` Բրայզան նշել է, որ եթե դա տեղի ունենա, ապա կնպաստի հակամարտության կարգավորմանը: «Հիմնարար սկզբունքները որոշում են հակամարտության վերջնական հանգուցալուծումը, այդ կարգավորման շրջանակները: Դա հավասարակշիռ եւ արդարացի պայմաններ կստեղծի գործընթացի առաջխաղացման համար, հաշվի առնելով անվտանգության ապահովման մեխանիզմները տարածաշրջանի երկու ազգային խմբերի համար, տարածքների վերադարձը, բռնի տեղահանվածների վերադարձը մշտական բնակության վայրեր: Այստեղ ընդգրկվում է նաեւ վիճելի տարածքների քաղաքական կարգավիճակի սահմանման մեխանիզմների մշակումը: Այդպիսով, այժմ կարգավորման ընթացքում են մի քանի առանձնահատուկ պահեր, որտեղ մենք մոտ ենք լուծմանը, եւ որոնց լուծումը թույլ կտա ամփոփել այն հանգուցալուծման շրջանակները, որոնք մենք կոչում ենք հիմնարար սկզբունքներ»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Նա նաեւ չի բացառել, որ ամռանը տեղի կունենա համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որոնք կոչ կանեն կողմերին հասնել հիմնարար համաձայնության: «Իմ գործընկերներ Ֆասիեի ու Մերզլյակովի հետ մենք կրկին կժամանենք տարածաշրջան եւ կքննարկենք նախագահների հետ հակամարտության կարգավորման սկզբունքները: Կարծում եմ, առաջիկայում մենք շատ մեծ առաջընթացի կհասնենք այդ հարցում»,-ասել է Բրայզան:
No comments:
Post a Comment