Saturday, April 18, 2009

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՂԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻՆ»

«ԱԶԳ» 18-04-2009- Այդ մասին ապրիլի 15-ի երեկոյան «Լուրեր» ծրագրով հաղորդեց թուրքական հանրային հեռուստատեսությունը: Հաղորդմանը հաջորդ օրվա համարներում «Զամանի» գլխավորությամբ արձագանքեցին թուրքական կենտրոնական թերթերը: Հատկապես բուռն էր «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Ենի չաղի» արձագանքը: Հաղորդման մեջ, որի տեքստը զետեղված է նաեւ թուրքական հանրայինի կայքէջում, նշվեց. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն Իրանում արած հայտարարություններով նեղացրեց Անկարային: Հայկական թերթերի վկայությամբ, Սարգսյանն ասել էր, որ «այսպես կոչված ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարվելու խոստում չեն տալու եւ բռնագրավված Ղարաբաղը չեն զիջելու Ադրբեջանին»: Մինչդեռ սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներին բախվող Հայաստանի գլխավոր հույսը Թուրքիայի հետ սահմանների բացումն է: Չնայած հաշտեցման համար Անկարայի հաջորդաբար կատարած կարեւոր քայլերին, Երեւանը խուսափում է ակնկալվող դրական արձագանքներից: Հարաբերությունների նորմալացման համար Թուրքիան Հայաստանից ակնկալում է անհապաղ վերջ տալ Ադրբեջանի տարածքում իրականացվող օկուպացիային եւ հրաժարվել Թուրքիային ծանր կացության մեջ գցելու նպատակ հետապնդող պարտադրանքներիցՙ առաջին հերթին, այսպես կոչված, ցեղասպանության պնդումներից: Երեւանում հրատարակվող թերթերի վկայությամբ, Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ չեն հրաժարվի այսպես կոչված ցեղասպանության պնդումներից եւ «Ղարաբաղը երբեք չեն նվիրի Ադրբեջանին»: Անկարան դեռեւս չի արձագանքել Սարգսյանին վերագրվող այս հայտարարություններին: Թուրքիան չի ցանկանում այս կարգի հարցերիՙ մամուլի միջոցով քննարկումը»:

No comments: