Friday, April 10, 2009

Հայաստանն արդեն սկսել է վերականգնել Գյումրի-Կարս երկաթուղին

/PanARMENIAN.Net/ 09.04.2009 - Գյումրի-Կարս երկաթուղու վրա ակտիվ վերանորոգա-վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից: «Արդեն երեք օր է, ինչ երկաթուղային ճանապարհի վրա մաքրման աշխատանքներ են ընթանում` ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում»,- հաղորդել է աղբյուրը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի վրա առանձնապես ակտիվություն չի նկատվում: Ադրբեջանական ԶԼՄ հաղորդմամբ, Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի Ալիջան սահմանա-անցումային կետում վերանորոգա-վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Նրա խոսքով, ներկա պահին այդ աշխատանքներն ընթանում են Հայաստանի տարածքի սահմանա-անցումային կետերում, Թուրքիայի կողմում ասֆալտապատվում են Ալիջան տանող ճանապարհները: Հայ-թուրքական սահմանի վրա խորհրդային ժամանակ գոյություն ուներ 3 անցումային կետ` Արաքս գետի հետիոտն կամուրջի մոտ, Գյումրիում եւ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի սահմանային ջոկատի տարածքի Մարգար գյուղի մոտ:

No comments: